Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 02-04-2019
Բարձունքը մերն է, տղերքը` չկան, տղերքն ավելի բարձրում մնացին
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական բանակը հարձակողական գործողություններ է ծավալում արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով:

Հակառակորդը հարվածներ է հասցնում խաղաղ բնակավայրերի եւ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերի ուղղությամբ: Ի պատասխան` Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում՝ հակառակորդին հասցնելով ինչպես տեխնիկայի, այնպես էլ կենդանի ուժի լուրջ կորուստներ: Սակայն, ցավոք, ՊԲ-ն եւս կորուստներ է կրում: 
Դեռ ապրիլի 1-ին կեսօրին, երբ հակառակորդի կրակոցից զոհվեց ՊԲ զինծառայող, 1996թ, ծնված Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը, որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ ժամեր անց կսկսվի ամենասարսափելին` պատերազմը` Ապրիլյան կամ ինչպես ընդունված է անվանել Քառօրյա պատերազմը:

«Եթե դիվերսիա լինի` հիշե'ք, ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է. 
Կապիտան Արմենակ Ուրֆանյան

Ադրբեջանի վայրագ գործողությունները, սակայն չեն սահմանափակվում մարտերով. վերջիններս հարձակում են կատարում Արցախի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Թալիշ գյուղի վրա: Թալիշը րոպեների ընթացքում կորում է ծխի մեջ: Իր ձեռագրին հավատարիմ՝ ադրբեջանական կողմը չի խնայում ոչինչ եւ ոչ ոքի` անգամ ծերերին ու երեխաներին: 


Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղի դպրոցի հրթիռակոծման հետևանքով զոհվում է գյուղի 12-ամյա բնակիչ Վաղինակ Գրիգորյանը: Վերջինիս երկու դասընկերները ծանր վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց: 

«Էս դիրքում իմ տղերքի արյունն է թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել,
էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես,
որ էս դիրքը հանձնողի… »
Արցախի  հերոս Ռոբերտ Աբաջյան

Մարտական գործողությունները տեւում են 4 օր: Ապրիլի 5-ին` ժամը 12:00-ին, կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվում կրակի դադարեցման մասին:

Առաջնագծում, խրամատներում հերոսաբար կռվող տղերքից յուրաքանչյուրը դեռ օրեր առաջ ուներ երազանքներ, նպատակներ, հույսեր...շատերին հաշված ամիսներ, շաբաթներ, օրերն ու անգամ ժամեր էին բաժանում տնից, բայց դրանք դարձան կարոտի, սպասման եւ հավերժության ամիսներ, շաբաթներ, օրեր ու ժամեր...

 «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք...»
Կապիտան Հովսեփ Կիրակոսյան

Ապրիլյան Քառօրյա պատերազմի օրերն ավելի, քան երբեւէ միավորեց բոլորին` անկախ տարիքից, սեռից, հայացքներից, քաղաքական կողմնորոշվածությունից: Ապրիլյան պատերազմն անմասն չմնաց աշխարհի մի շարք երկրների ուշադրության կիզակետում հայտնվելուց: 


Զոհված զինծառայողներից յուրաքանչյուրն անձնուրաց կռիվ է մղել` չնահանջելով, մինչեւ կյանքի վերջին վայրկյանները պայքարելով: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր մղած հերոսական կռիվը: Նրանցից յուրաքանչյուրի մղած պայքարի շնորհիվ այսօր մեզ հետ են նրանց ընկերները` կենդանի հերոսները, որոնցից յուրաքանչյուրը կրում է նրանց մի մասնիկը: Նրանց մղած անձնուրաց պայքարի շնորհիվ այսօր կամ ես, դու եւ մենք բոլորս...

Հավերժ փառք եւ խոնարհում ընկած տղերքին...