Նյութը՝ UWC Դիլիջան քոլեջի հանրային կապերից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-04-2019
Դիլիջանը կհյուրընկալի արվեստի փառատոնը
2019 թ. ապրիլի 6-ին և 7-ին Դիլիջանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի Դիլիջանի արվեստի փառատոնը։ Միջոցառումն իրականացվում է UWC Դիլիջան քոլեջի, Դիլիջանի համայնքային կենտրոնի եւ Դիլիջանի դպրոցների հետ համատեղ։

Փառատոնի միջոցառումների հիմնական վայրը Դիլիջանի պուրակն է, որտեղ տեղի կունենան մշակութային ներկայացումներ UWC Դիլիջան քոլեջի ուսանողների կողմից, տեղի երաժիշտների, ինչպես նաև Երևանից հրավիրված հյուրերի ելույթներ։
 
««Awesome Foundation Yerevan»-ի օգնությամբ մենք նաև կազմակերպում ենք «Band Battle Armenia»-ն։ Այն միջոցառում է, որին մասնակցելու են գալիս երիտասարդ երաժշտական խմբեր Հայաստանի տարբեր կողմերից, որպեսզի մրցեն Հայաստանի լավագույն երաժշտական բենդի կոչումը ստանալու համար»,-նշեց միջոցառման կազմակերպիչ, UWC Դիլիջան քոլեջի ուսանող Կենտո Սուզուկին։
 
Փառատոնի շրջանակներում Դիլիջանի տարբեր սրճարաններում միջոցառումներ են կազմակերպվելու Drink&Draw և  Ճապոնական «Հիկարի» մշակութային կենտրոնի կողմից, UWC Դիլիջան քոլեջի արվեստի ուսանողներն էլ ներկայացնելու են իրենց աշխատանքները Դիլիջանի տարբեր ռեստորաններում։
 
Կաֆեսջյան Արվեստի կենտրոնի կողմից կազմակերպվելու է ցուցահանդես UWC Դիլիջան քոլեջում, իսկ Երևանի Այբ դպրոցի աշակերտները աշխատելու են իրենց նկարչական ծրագրերի վրա։ Փառատոնի երկու օրերի ընթացքում կլինեն նաեւ թատրոնի ներկայացումներ UWC Դիլիջան քոլեջի ուսանողների կողմից։