Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 04-04-2019
Այսօր Առնետների միջազգային օրն է
2003թ-ից սկսած ամեն տարվա ապրիլի 4-ին նշվում է Առնետների միջազգային օրը (World Rat Day):

Տոնի հիմնական գաղափարը` կենդանու նկատմամբ ուշադրության հրավիրելն ու առնետասերներին միավորելն է: Այս մասին գրում է Calend.ru-ն:

Առնետների տոնի մտահղացման հեղինակներն ամերիկացի մի խումբ առնետաբույծներ են: Օրը եւս պատահական չէ ընտրվել: Այդ նույն օրը` ապրիլի 4-ին, իր աշխատանքն է սկսել «ratlist» ինտերնետ ռեսուրսը, որը նվիրված է դեկորատիվ, տնային առնետներին:

Շատերի համար նման տոնի առկայությունն իհարկե զարմանալի է, քանի որ մարդիկ հիմնականում ատում են առնետներին կամ վախենում նրանցից: Սակայն չպետք է մոռանալ, որ առնետն իր ուրույն տեղն ունի չինական հորոսկոպում: 

Գիտնականների պնդմամբ` առնետները համարվում են շատ խելացի կենդանիներ: Շատ հաճախ նրանց համեմատում են նաեւ մարդկանց հետ, քանի որ գենոմները (օրգանիզմի բոլոր գեների ամբողջություն, դրա ամբողջական քրոմոսոմային հավաքածուն) 95%-ով համապատասխանում են: 

Ինչպես մարդիկ, առնետները եւս պատրաստ են մինչեւ վերջ կռիվ տալ` հանուն գոյատեւման, սերունդների պահպանման: Նրանք անգամ սիրահարվում են եւ երազներ տեսնում: Սակայն չպետք է մոռանալ, որ խոսքը տնային, դեկորատիվ առնետների մասին է, ոչ թե վայրի:

Գիտնականների վերջին հետազոտությունների արդյունքները փաստել են, որ առնետները միմյանց հետ շփվում են ուլտրաձայնային ազդանշանների օգնությամբ, որոնք մարդը չի լսում: 

Ի դեպ, աշխարհում առաջին անգամ առնետները կրկեսի հարթակ են դուրս եկել Ռուսաստանում` Դուրով եղբայրների վարժեցման շնորհիվ: Դրանից հետո սկսեց առնետների վաճառքը կենդանիների խանութներում: