Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 05-04-2019
Էթնո-ջազային ինքնատիպ երաժշտություն՝ Authentic Light Orchestra-ի կատարմամբ
Authentic Light Orchestra խումբը բացառիկ համերգով հայկական բեմում էր: Այն կայացավ ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երեկոյի ընթացքում հնչեց էթնո-ջազային ինքնատիպ երաժշտություն:

Authentic Light Orchestra-ի կազմում ելույթ ունեցան Վալերի Տոլստովը (ֆլեյտա/ստեղնաշարային և ժողովրդական գործիքներ),Եվգենի Լեբեդևը(դաշնամուր), Անտոն Ռևնյուկը (բաս), Իգնատ Կրավցովը (հարվածային գործիքներ):

Բացի նվագախմբից՝ մասնակցում էին նաև թառահար Միքայել Ոսկանյանը և սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, ինչպես նաև Open String quartet-ը:

Երեկոյի հատուկ հյուրն էր դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը: 

Eritasard.am-ի հետ զրույցում Արմեն Հյուսնունցը նշեց, որ առաջին անգամ է խումբը ելույթ ունենում այդ կազմով, ինչը շատ ոգևորիչ է. «Խմբի նախագիծը էթնոջազային մշակույթն ամբողջ աշխարհում տարածելն է, ինչն իմ կարծիքով լավագույններից է»: 

«Մեր խմբին շատ է ոգևորում հատկապես հայկական ժողովրդական երաժշտությունը: Մենք տարբեր տարիներին ունեցել ենք խմբի հայ անդամներ: Կոլեկտիվի Beyond the House անվանումը կրող ձայնասկավառակի առաջխաղացմամբ զբաղվել է ազգությամբ հայ մենեջեր Աստրիդ Գրիգորյանը»,-ասաց Վալերի Տոլստովը:

Authentic Light Orchestra-ն հիմնադրվել է 2009թ.-ին Ցյուրիխում` Վալերի Տոլստովի կողմից: Համերգի ժամանակ երաժիշտներն օգտագործում են 15-30 գործիքներ,  հանդես են գալիս իմպրովիզներով. համերգի ժամանակ դուդուկը կարող է փոխարինվել սաքսոֆոնով, ակուստիկ գործիքները`էլեկտրոնայիններով և այլն:

Պատկերասրահ՝ Էթնո-ջազ Authentic Light Orchestra-ի կատարմամբ