Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 06-04-2019
«Հայկական մշակույթն ինձ շատ հարազատ է»․ Նատալյա Օրեյրո
«Ինձ համար շատ յուրահատուկ պահ է, քանի որ առաջին անգամ եմ Հայաստանում: Հայկական մշակույթն ինձ շատ հարազատ է, որովհետև ես անընդհատ լսել եմ ձեր պատմության, նույնիսկ խոհանոցի մասին»,- այսպես անկեղծ խոստովանությամբ էլ սկսվեց ուրուգվայցի երգչուհի Նատալյա Օրեյրոյի երեւանյան ասուլիսը։



Ասուլիսի սկզբում երգչուհին լրագրողներին հայերեն ողջունեց, բայց խոստացավ համերգի ժամանակ ավելի շատ հայերեն բառեր սովորել, որպեսզի շփվի հանդիսատեսի հետ:



Խոսելով արդեն իր ընտանիքի փոխանցած տպավորություններից` երգչուհին նախ պատմեց ներկաներին, որ իր ընտանիքը տպավորված է Հայաստանից եւ հասցրել են  մոտիկից ծանոթանալ պատմությանն ու տեսարժան վայրերին․ «Գիտեք, Երևան ժամանելուց հետո ամբողջ օրը քնել եմ, քանի որ վերադարձել էի իմ համերգային արշավից, բայց ամուսինս և երեխաս ամբողջ քաղաքով պտտվել են: Նրանք գնացել են ամենահին տաճարը՝ Գառնի, որտեղից երկար հաց (լավաշ) էին բերել, որն ամբողջ գիշեր կերել ենք»,- պատմեց երգչուհին։



Ի դեպ, ասուլիսի ընթացքում հումորային անակնկալների պակաս չեղավ: Քանի որ Ռուսաստանում Նատալիային նվիրել էին ռուսական անձնագիր, Հայաստանում էլ նա արդեն նվեր ստացավ հայկականը: Եղան նաեւ այլ նվերներ` հայկական գոտու, զարդերի, գլխարկի, պայուսակի ու հյուրասիրության տեսքով:



Երգչուհին ասաց նաեւ, որ Հայստանի մասին  պատմություններ լսել  է իր թիմակից երաժշտից․ «Իմ թիմում ես ունեմ ազգությամբ հայ երաժիշտ, որն ինձ շատ է պատմել Հայաստանի մասին: Վաղը հրաշալի շոու է սպասվում եւ ես արդեն մտածում եմ հաճախ վերադառնալ այստեղ»:



Հայերեն երգով, սակայն, Նատալիան չի ներկայանա համերգի ընթացքում: Ասում է` առաջին փորձը պիտի լինի հայերենով երգելու, եւ քանի որ չի կարող կարճ ժամանակում կատարյալ տիրապետել լեզվի նրբություններին, չի ցանկանում վիրավորել որեւէ մեկին իր սխալ արտասանությամբ: Փոխարենը հետաքրքրվեց` ինչպես է Cambio Dolor-ը թարգմանվում հայերեն ու սկեց երգել. «Փոխում եմ ցավս ազատության»: