Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Գայանե Պողոսյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 07-04-2019
«Մի շտապեք մեծացնել ձեր երեխաներին արագ՝ վայելեք ամեն վայրկյանը». խորհուրդ է տալիս բազմազավակ մայրիկը
Լինել մայրիկ, նշանակում է՝ լինել երջանիկ: Դա գիտեն բոլոր մայրերը: Մեր երիտասարդ հերոսուհի Գայանե Պողոսյանի երջանկությունը հնգապատկվել է: Նա պատվով կրում է բազմազավակ մայրիկի կոչումը:

Հինգ երեխաների մայրիկ Գայանե Պողոսյանն ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետը՝ ստանալով փիլիսոփայի որակավորում: Հաճախել է ՀԱՀ Բիզնես կանանց դասընթացներին, որից հետո հիմնել է իր սեփական բիզնեսը: Արդեն 10 տարի է, ինչ Գայանեն «Բեյբի Թաուն» մանկական հագուստի խանութի հիմնադիր-տնօրեն է: Հանդիսանում է նաև վերջերս հիմնադրված «Կողքիդ եմ» տարեցների աջակցության ՀԿ-ի նախագահը:

Երիտասարդ բազմազավակ մայրիկի հետ զրուցել ենք ընտանիքի, երեխաների, նրա՝ հասարակական, բարեգործական գործունեության, երազանքների և նպատակների մասին:

- Բազմազավակ ընտանիքներ մեր օրերում այդքան էլ շատ չեն հանդիպում: Դուք մի՞շտ էիք մտածում, երազում մեծ ընտանիք ունենալու մասին: 

Այո, երբ դեռ նոր էինք հանդիպում ամուսնուս հետ, երազում էինք մեծ ընտանիքի մասին: Իսկ ավելի կոնկրետ՝ 13 երեխա էինք ուզում:

-Որպես բազմազավակ երիտասարդ մայրիկ՝ ի՞նչ դժվարությունների եք բախվել անցյալում և ի՞նչ դժվարություններ եք հաղթահարում այսօր: 

Ճիշտն ասած, իմ բոլոր երեխաները եղել են շատ հանգիստ և ինձ շատ չեն տանջել: Միևնույն ժամանակ, ունեցել եմ մորս և սկեսրոջս օգնությունը պետք եկած ժամանակ: Այնպես որ վայելել եմ ամեն վայրկյանը և դժվարությունները հաղթահարել եմ սիրով:



-Զգո՞ւմ եք պետության կողմից աջակցություն Ձեր բազմազավակ ընտանիքին: 

Պետության կողմից բացարձակապես աջակցություն չեմ ստացել։ Կարծում եմ, եթե ընտանիքը անապահով չէ, պետությունը չի աջակցում։ Գուցե կա աջակցություն, բայց ես չեմ հետաքրքրվել։

-Երեխաների մասին մտահոգվելու, նրանց դաստիարակությամբ, ուսմամբ և այլ կարիքներով զբաղվելու ընթացքում՝ ժամանակ մնո՞ւմ է անձամբ Ձեզ համար, աշխատանքի և նախասիրությունների համար:

Ժամանակը ճկվելու հատկություն ունի: Այն ճիշտ կառավարելու դեպքում հնարավոր է և՛ ընկերների հետ ժամանակ անցկացնել, և՛ լողացնել 5 բալիկի, և՛ կտրել նրանց 100 եղունգները, և՛ կերակրել, գուրգուրել, քնեցնել նրանց, և՛ ֆիլմ դիտել ամուսնու հետ, և՛ 20 րոպե հայելու դիմաց խնամել ինքդ քո դեմքը, և՛ լիքը ծիծաղել, լաց լինել ու կյանքը վայելել:

- Ի՞նչ գործունեություն եք ծավալում «Բարի մամա» ՀԿ-ում:

Ես «Բարի մամա» ՀԿ-ի խորհրդի անդամ եմ: Բավականին ներգրավված եմ, ուժերիս չափով մասնակցում եմ միջոցառումներին, օգնում եմ ինչով որ հնարավոր է:



-Ե՞րբ և ինչպե՞ս գաղափար առաջացավ հիմնելու «Կողքիդ եմ» տարեցների աջակցության ՀԿ-ն: Արդարացե՞լ են ակնկալիքները:

Քանի որ ես տատիկ պապիկներիս կորցրել եմ շատ վաղ հասակում, միշտ ունեցել եմ հատուկ զգացումներ տարեցների հանդեպ: Այս պահին, մեր երկրում ամենախոցելին իրենք են: Մի քանի ճանաչողական այցերից հետո մեր ծերանոցներում, ավելի լավ պատկերացում կազմեցի տիրող իրավիճակի և տարեցների խնդիրների մասին: Այսպիսով հիմնեցինք «Կողքիդ եմ» տարեցների աջակցության ՀԿ-ն: Ես հաճելիորեն զարմացած էի՝ տեսնելով մեր հասարակության պատրաստակամությունը և ակտիվ մասնակցությունը: Այս պահին «Կողքիդ եմ» ՀԿ-ն իրականացնում է նախաձեռնություն, որին կարող են մասնակցնել բոլոր ցանկացողները: Կազմակերպում ենք ժամանցային օրեր տարեցների համար՝ ծերանոցի պատերից դուրս: Իհարկե այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել առանց մեզ միացող անհատների և կազմակերպությունների, ովքեր ջանք չեն խնայում մեզ օգնելու համար:

- Իրականացրե՞լ եք այլ բարեգործական նախագծեր, որոնց մասին չնշեցի:

Ժամանակ առ ժամանակ ինձ դիմում եմ անհատներ, ովքեր գտնվում են կենցաղային ծանր պայմաններում: Նրանց իմ ուժերի սահմաններում նույնպես օգնում եմ:



-Ի՞նչն եք համարում Ձեր կյանքում ամենակարևորը:

Երիստասարդ տարիներիս գուցե այս հարցին այլ կերպ կպատասխանեի: Բայց հիմա այլ բանի մասին մտածել չեմ կարող: Ինձ համար ամենից կարևորը երեխաներիս առողջությունն է:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, որոնք նոր են պատրաստվում մայրանալ:

Մի շտապեք մեծացնել ձեր երեխաներին արագ. վայելեք ամեն վայրկյանը: Իրենք այսպես թե այնպես մեծանալու են շատ արագ, իսկ դուք իրենց մանկությունը անվերջ կարոտելու եք:

-Ձեր երազանքներն ու նպատակները…

Ունենալ 25 թոռնիկ, և որ շաբաթ-կիրակի օրերը բոլորը գան տատիկ-պապիկի տուն, քանդուքարափ անեն ու մեզ երջանկացնեն: Ես էլ լիքը ուտելիք պատրաստեմ, որ ամուսնուս գլխավորությամբ, երեխաներս, փեսաներս, հարսս, թոռներս ու ես մեծ հայկական սեղանի շուրջ հայրենիքի խաղաղության կենացը խմենք: