Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 08-04-2019
Ստեղծագործ կանայք ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները
Կարապի լճի հարակից տարածքում այսօր տեղի ունեցավ ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված «Ստեղծագործում են կանայք» խորագրով ցուցահանդես-վաճառք:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աջակցությամբ կազմակերպված ցուցահանդես-վաճառքին մասնակցում են տարբեր արհեստների տիրապետող, ստեղծագործական ձիրք ունեցող կանայք: Նրանք զբաղվում են ձեռագործ իրերի պատրաստմամբ թե՛ աշխատանքի համար, թե՛ որպես հոբբի: 

Կենտրոն վարչական շրջանի մշակույթի, կրթության և սպորտի բաժնի աշխատակից  Արփինե Մուրադյանը նշեց, որ նման ցուցահանդեսներ կազմակերպվում են տարվա ընթացքում երկու անգամ:  

«Այս ցուցահանդեսը իրականացվում է մեր վարչական շրջանի կողմից որպես նվեր կանանց՝ իրենց տոնի առթիվ: Բոլոր տաղավարներում ձեռքի աշխատանքներ են: Ունենք 64 մասնակից և 30 տաղավար: Ցուցադրությանը մասնակցում է նաև հասարակական կազմակերպություն, որը ներկայացնում է աուտիզմով երեխաների ձեռքի աշխատանքները: Բարեգործական այս նախաձեռնության ընթացքում,  նրանք ինչ վաճառում են,  փոխանցում են երեխաների խնամքին: Մասնակցում են նաև այլազգի կանայք»,- նշում է Մուրադյանը:

Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին ձեռագործ զանազան աշխատանքներ՝ տարբեր չափերի, գույների և որակի պայուսակներ, հագուստ, զարդեր, խաղալիքներ, հուշանվերներ և այլն: Դրանցից յուրաքանչյուրը աչքի էր ընկնում իր ինքնատիպությամբ և ստեղծարար լուծումներով:

Տիգրանուհի Նավոյանը 11 տարեկանից սիրում է փայտից զանազան հետաքրքիր աքսեսուարներ պատրաստել: Այսօր էլ Տիգրանուհին ցուցահանդես-վաճառքին ներկայացնում է իր պատրաստած փայտից դրամապանակները, պայուսակները, ճարմանդները, զարդերը և այլն:  Օգտագործում է նաև բնական քարեր: 

«Այլ ցուցահանդեսների ևս մասնակցել եմ, սակայն այս ցուցահանդեսը առանձնանում է նրանով, որ նվերների հենց մեծ մասը կանանց համար են ընտրում: Առհասարակ կանացի տոներին և՛ վաճառքն է ավելի շատ լինում, և՛ շատ ավելի հաճելի է լինում աշխատելը: Մեր տոնն էլ է այսպես հետաքրքիր անցնում. հնարավորություն ենք ունենում մեր աշխատանքները ցուցադրել»,- ասում է Տիգրանուհին:

Ցուցահանդեսին մասնակցում է նաև սիրիահայ Դալիթա Քաղքեջյանը: Չորս ու կես տարի է, ինչ Հալեպից տեղափոխվել են Հայաստան: Այստեղ հիմնել են խանութ, որտեղ արտադրում են ճաշատեսակներ և խմորեղեն: Ցուցահանդես-վաճառքի ընթացքում էլ իրենց տաղավարում Դալիթա Քաղքեջյանը ներկայացնում է սիրիական համեմունքները և քաղցրավենիքները. «Հայրենիքում աշխատում ենք, մասնակցում միջոցառումներին: Դեռ մի քիչ դժվար է Հայաստանում աշխատելը: Բայց փառք Աստծո, մենք ոտքի ենք կանգնել, և միշտ էլ ուզում ենք աշխատել, հայ ժողովրդին օգտակար լինել մեր ճաշի տեսակներով, համեմունքներով, քաղցրավենիքներով: Շատ գեղեցիկ տոն է Հայաստանում ապրիլի 7-ը: Մենք Սիրիայում մայրերի օր նշում էինք մարտի 21-ին: Բայց այստեղ արդեն մեզ համար ապրիլի 7-ը մեծ տոն է դարձել: Շնորհավորում եմ բոլոր մայրերի և կանանց տոնը»:

Բնապահպանական-էկոկրթական ակումբի հիմնադիր-ղեկավար, մասնագիտությամբ բնապահպան Նելլի Եղոյանը, ներկայացնում է ակումբի նախաձեռնությամբ երեխաների կողմից պատրաստված խաղալիքներ: 

«Ակումբում մենք թափոններին նոր կյանք ենք տվել: Մեզ համար որպես հումք են ծառայել գինու շշերի խցանները, պլաստիկ շշերը, պաղպաղակի փայտիկները և այլն: Երեխաները իրենց ձեռքով ստեղծել են նոր հետաքրքիր հրաշալի աշխատանքներ: Մեծ երջանկություն եմ ապրել երեխաների հետ աշխատելու ընթացքում:  Նախաձեռնությունը եղել է իմը, ակումբը գործել է անվճար: Նման միջոցառումների ձեռագործ աշխատանքներ ներկայացնելով դեռ չէինք մասնակցել: Մեր նպատակն է ևս մեկ անգամ բնությունը պահպանելու կարևորության մասին կոչ հղել: Առաջարկում ենք նաև պոլիէթիլենային տոպրակները փոխարինել կտորից տոպրակներով»,- կարևորեց բնապահպանը:

Պատկերասրահ՝ «Ստեղծագործում են կանայք» խորագրով ցուցահանդես-վաճառք