Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-04-2019
Կայացավ Օրեյրոյի առաջին մենահամերգը՝ Հայաստանում
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 7-ին առաջին անգամ համերգային ծրագրով հանդես եկավ Ուրուգվայի ամենակրքոտ երգչուհին` Նատալիա Օրեյրոն:

Արգենտինական ֆիլմերից հայտնի գեղեցկուհուն Հայաստան էր բերել իր «Անմոռանալի» շրջագայությունը: 

Երգչուհին, ինչպես խոստացել էր, երեկոյի սկզբում հայերենով ողջունեց հանդիսատեսին, այնուհետև ասաց. «Ես ձեզ սիրում եմ»: Ընթացքում էլ, ջերմ ընդունելությանն ու բուռն ծափահարություններին ի պատասխան, Նատալյան  դժվարությամբ, բայց կարողանում էր անկեղծորեն արտաբերել՝ «շնորհակալություն» բառը: 

Դահլիճը լեփ-լեցուն էր։ Համերգին ներկա էին երկրպագուներ ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից։

Ի դեպ, հայ երկրպագուների համար Օրեյրոն անակնկալ էր պատրաստել: Մինչ նա զգեստափոխվում էր հաջորդ ելույթի համար, բեմի մեծ էկրանին հայտնվեց հայկական դրոշը, իսկ նրա կիթառահարը նվագեց Հայաստանի հիմնը, որի ընթացքում հանդիսատեսը ոտքի ելավ ու ձայնակցեց նրան: Նատալիան էլ իր հերթին շնորհավորեց հայ կանանց ու աղջիկներին` Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ՝ նրանց նվիրելով ստեղծագործություններից մեկը:

Համերգի ավարտին բեմ բարձրացավ նաև երգչուհու որդին, որպեսզի օգներ մայրիկին ներս տանել բազմաթիվ ծաղիկներն ու նվերները: Այդ ընթացքում հանդիսատեսն առիթը բաց չէր թողնում Նատալիա Օրեյրոյի հետ մեկ լուսանկար ունենալու համար: 

Համերգի ավարտից հետո Նատալյան երկար ժամանակ չէր կարողանում լքել բեմը, քանի որ երկրպագուներն ուզում էին նկարվել նրա հետ, իսկ երգչուհի ինքն էր վերցնում հեռախոսներն ու սելֆիներ անում բեմից։

Պատկերասրահ՝ Նատալիա Օրեյրոն Երևանում