Նյութը՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից
Լուսանկարները՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից
Տեղադրվել է 10-04-2019
Ընթերցողի սեղանին կդրվի «1-Էջանոց մարքեթինգային պլան» բեսթսելերը
Ալան Դիբի՝ համաշխարհային բեսթսելեր դարձած «1-Էջանոց մարքեթինգային պլան» գիրքը թարգմանվել է հայերեն: Ապրիլի 11-ին, ժամը 19:00 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կկայանա գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, անգլերենից թարգմանել է Զարուհի Սողոմոնյանը:

«Սա՛ է իրական մարքեթինգը».ահա այսպես է բնորոշում գիրքը գործարար, «100 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերի հեղինակ Վահագն Դիլբարյանը, ով երեկոյի հատուկ հյուրն է լինելու:

«1-Էջանոց մարքեթինգային պլան» գիրքն իսկական հեղաշրջում է, որը մարքեթինգային պլանի ստեղծումը դարձնում է պարզ և արագ: Տառացիորեն մեկ էջի շրջանակներում յուրաքանչյուրը կկարողանա հեշտությամբ քարտեզագրել իր սեփական բարդ մարքեթինգային պլանը և զրոյից վերածվել մարքեթինգի հերոսի:

Ի դեպ, նշենք, որ «1-Էջանոց մարքեթինգային պլան» գիրքը Ամազոն կայքում բացառիկ հաջողություն է գրանցում և չի իջնում բեսթսելերների ցուցակի առաջնակարգ հորիզոնականներից:

«Բոլորը գիտեն, որ մարքեթինգը գնալով ավելի բարդ է դառնում: Ալան Դիբը լուծում է այդ խնդիրն իր նոր հրաշալի գրքով: Կարդացեք այն ու հեշտացրեք ձեր կյանքը»,-ասում է «Դիրքավորում. պայքար հանուն ձեր մտքի» բեսթսելերի հեղինակ Ալ Ռայսը:

Շնորհանդեսի ընթացքում կկայանա նաև մարքեթինգին առնչվող հատուկ թրեյնինգ, որը կանցկացնեն մարքեթոլոգ Սեդա Վարդանյանը և «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի ղեկավար Շավարշ Կարապետյանը:

«Այս գիրքը շատ հանգիստ տեղավորվում է մարքեթինգի վերաբերյալ բոլոր ժամանակների լավագույն 5 գրքերի ցանկում: Սա իսկապես բիզնեսմենների, մարքեթինգի բաժնի ղեկավարների համար լավագույն հուշաթերթիկն է, որն օգնում է առավել գրագետ կազմել բիզնեսի զարգացման ռազմավարությունը: Գրքում առկա հրաշալի մտքերը, ընդհանուր բովանդակությունն ու հեղինակի գրելաոճն ստիպում են մեկ շնչով կարդալ այն: Նմանատիպ գրքեր շատ հազվադեպ են ծնվում, և այն ձեռք բերելու հնարավորությունը բաց թողնելն իսկապես մեծ կորուստ կարող է լինել»,-նշում է մարքեթոլոգ Սեդա Վարդանյանը: