Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-04-2019
«Իմ նկարներում նույն իրականությունն է զուգահեռ աշխարհներում». Բերտա Մարտիրոսյան
«Դալան Արտ» ցուցասրահում բացվել է Բերտա Մարտիրոսյանի «Հայելային Զուգահեռներ» ֆոտոցուցահանդեսը։

Բերտայի աշխատանքներում կյանքի երկու կողմի` հնի ու նորի, սևի և սպիտակի, լույսի և խավարի զուգահեռներ են: Նրա նկարներում քաղաքն է իր ժամանակակից կյանքով, ճարտարապետական գեղեցկությամբ, հուշարձաններով և, միևնույն ժամանակ, հին շենքերով: 

Ժամանակակից բիզնես կենտրոնն է հին, կիսաքանդ շինություների դիմաց, որոնք  ունեն հարյուր և ավելի տարվա պատմություն։ Ցուցահանդեսը նաև մարդկանց մասին է, ովքեր  ապրում և աշխատում են, քայլում և մտածում հայելային զուգահեռներում։ 

«Հայելային զուգահեռներ, որովհետև բոլոր նկարները հայելու միջոցով եմ ստացել: Հայելու միջոցով փորձել եմ ցույց տալ պատկերների տարբերությունը: Իմ նկարներում նույն իրականությունն է զուգահեռ աշխարհներում: Միևնույն քաղաքի երկու տարբեր «դեմքերը»։ Ընդամենը մի քանի շենք կա, որ պահպանել է իր անհատականությունը, մնացածը՝ քանդվել են կամ ընթացքի մեջ են»,- eritasard.am-ի հետ զրույցում ասաց Բերտա Մարտիրոսյանը:

Նշենք, որ սա հեղինակի 3-րդ անհատական ցուցահանդեսն է:  Այն բաց կլինի 7 օր, մուտքն ազատ է:

Պատկերասրահ՝ Բերտա Մարտիրոսյանի «Հայելային Զուգահեռներ» ֆոտոցուցահանդեսը