Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-04-2019
Հանդիպում «Erasmus +»-ի շրջանակում
Եվրոպական Միությունը հսկայական նշանակություն է տալիս երիտասարդական ծրագրերին, ընդ որում՝ ոչ միայն ԵՄ երկրներում, այլև՝ Եվրոպական Հարևանության։

Երիտասարդական, կրթական, փոխանակման ծրագրերի բազմազանությունն ապացուցում է, որ ԵՄ-ն ապագայի իր հույսերը կապում է կրթված, բազմակողմանի զարգացած եւ միմյանց հարգող երիտասարդների հետ։ 

Այդ ծրագրերից ամենահինը եւ թերեւս ամենաարդյունավետը «Erasmus+»-ն է, որն այս տարի նշում է իր 32-ամյակը։

Ապրիլի 9-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացավ հանդիպում «Erasmus+» ծրագրի մասնակիցների հետ:

Բանախոսները ներկայացրին իրենց տեսլականը ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև եղավ հարց ու պատասխան, քննարկումներ, հնչեցին առաջարկություններ։



Հանդիպմանը ներկա էին ինչպես ծրագրի շահառուներն, այնպես էլ երիտասարդներ, որոնք միայն լսել էին ծրագրի մասին և ցանկանում էին  Erasmus +  ընտանիքն համալրել։

Զարուհին արդեն երկու անգամ մասնակցել է  «Erasmus+»-ի ծրագրերին. «Այն ինձ համար ոչ թե կրթաթոշակ էր, որն ինձ թույլ տվեց արտերկրում ուսանելու, այլ Էրազմուսի մեծ ընտանիքի անդամ դառնալու բացառիկ հնարավորություն էր, որը դարձավ կյանքի մի մաս»։

Մեր զրուցակիցը պատմեց, որ երկու անգամն էլ  վերապատրաստվել է Իտալիայի Տուշայի համալսարանում՝ Ագրոպարենային համակարգերի ինովացիայի և կենսատեխնոլոգիաների դեպարտամենտի սննդամթերքի անվտանգության և սնուցման լաբորատորիայում որպես դոկտորական հետազոտող՝ Նիկոլո Մերենդինոյի ղեկավարությամբ:

Իսկ Լուսինեն ծրագրի մասին տեղեկացել է միայն վերջերս այն էլ հեռուստատեսությամբ․ «Մեծ ցանկություն ունեմ դրսում սովորելու և մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու։ Մասնագիտությամբ կենսաբան եմ, եկել եմ հասկանալու արդյոք կարող եմ  իմ մասնագիտությամբ վերապատրաստում անցնել»։



Լուսինեն սովորում է ԵՊՀ-ում, երկրորդ կուրսի ուսանողը վստահ է, որ նմանօրինակ  ծրագրերը, ոչ միայն  լավ մասնագետներ են  պատրաստում, այլև  մասնագետների արտահոսք էլ չի լինում, երիտասարդները գալիս են իրենց հայրենիք և իրենց լուման և մասնագիտական փորձը ներդնում սեփական երկրում։

Հիշեցնենք, որ  «Erasmus +»-ը ԵՄ նոր ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը կընթանա 2014-2020 թթ.: 

Այն փոխարինում և համախմբում է ընթացիկ յոթ ծրագրերը, այդ թվում` Տեմպուսն ու Էրազմուս Մունդուսը: