Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-04-2019
Կկայանա «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական 20-րդ հոբելյանական փառատոնը
Ապրիլի 29-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում համերգով կազդարարվի «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական 20-րդ հոբելյանական փառատոնի մեկնարկը: Փառատոնի հիմնադիր-նախագահն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:

«Երևանյան հեռանկարներ»-ը նոր էջ է բացել Հայաստանի երաժշտական կյանքում՝ երկու տասնյակ տարիների ընթացքում  փոխելով իրականությունն ու ստեղծելով նախկինում նմանը չունեցող միջավայր: 

Փառատոնի բացումը կազդարարվի բրիտանական «The Swingles»  լեգենդար վոկալ խմբի համերգով: Երևանում խումբը հանդես կգա «Look Back» (ForWard) ծրագրով, որը հետհայացք է «Սվինգլ»-ի հիսունամյա փառահեղ երաժշտական պատմությանը: Այն ներառում է 60-ականների և 70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ, մերօրյա բրիտանական ֆավորիտներ, Բախ, Սայմըն և Գարֆունկել, Բիթլզ և ավելին:

Պատմական ակնարկ խմբի մասին

50 տարվա պատմություն ունեցող, հինգ «Գրեմիի» արժանացած «The Swingles»  լեգենդար վոկալ խումբը ձևավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից: Առաջին «Սվինգլները» էստրադային երգիչներ`  Շառլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի և Միշել Լեգրանի ձայնակցողներն էին: Նրանց շարքերում էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը: 

Խմբին համաշխարհային ճանաչում է բերել 1960թ-ին թողարկած Յոհան Սեբաստաին Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայների համար: «Սվինգլների» նորարարական և վիրտուոզ երգեցողությանն անմիջապես հիացական արձագանքներ են հղել Էլլա Ֆիցջերալդը, Եհուդի Մենուհինը և այլք:

«Սվինգլների»  երկացանկն ընգրկում է համաշխարհային դասական, ջազ, էթնիկ, ժամանակակից` բոլոր ազգերի և ժամանակների երաժշտություն: Այսօր խմբի կազմում ընդգրկված է  են երգիչներ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից:

«Սվինգլ»-ն արդեն կես դար շարունակ ընդլայնում է վոկալ երաժշտության  պատկերացումների հորիզոնը։ Նրանք դարձել են բազմամիլիոնանոց լսարանի սիրելիները, հոլիվուդյան և այլ հայտնի ֆիմերի սաունդթրեքերը ձայնագրելու համար: 

Մարդկային ձայնով տարբեր երաժշտական գործիքների ձայների վերարտադրումը նրանց չգերազանցված կարողությունն է, որը տասնյակ տարիների ընթացքում նմանակվել է բազմաթիվ կատարողների կողմից` ոգեշնչման աղբյուր  դառնալով բազմաթիվ կոմպոզիտորների համար:
Լուչիանո Բերիոն իր սենսացիոն «Սիմֆոնիայում առաջին անգամ ուսումնասիրեց և բացահայտեց նրանց ձայները՝ նվագախմբային դասակարգմամբ: Խումբը նույն շուքով և մեծագույն արձագանքների ներքո, շարունակում է կատարել այդ ստեղծագործությունը ողջ աշխարհում:

Վերջին կատարումները հնչել են Սան Ֆրանցիսկոյի «Դեյվիս» համերգասրահում՝ Մայքլ Թիլսոն Թոմասի, Լոնդոնի «Ռոյալ Ֆեստիվալ» համերգասրահում՝ Վլադիմիր Յուրովսկու և Միլանի Լա Սկալայում՝ Ջոն Աքսելրոդի ղեկավարությամբ։

Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Եվրոպա և Ասիա իրենց կանոնավոր շրջագայություններից բացի խումբը յուրաքանչյուր հունվար ամսին Քինգս Փլեյսում հանդես է եկել իր «Լոնդոնյան ակապելլա» փառատոնով: Բրիտանական մայրաքաղաքում փառատոնն առաջինն էր իր տեսակի մեջ, որը հյուրընկալում է աշխարհի ամենատաղանդավոր վոկալի վարպետներին։

Նշենք, որ «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնն անց է կացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Փառատոնի 20-րդ հոբելյանական տարին իրականանում է  «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ: