Նյութը՝ Սարգիս Մելքոնյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-04-2019
Մեր նպատակն է ունենալ զարգացած համայնք և ուժեղ պետություն․ Մարզպետ Յայլոյան
Այս օրերին շահումյանցի երիտասարդ, 21-ամյա Մարզպետ Յայլոյանը գտնվում է Արցախում։

Նա ընկերների հետ այցելել է Արցախ՝ զինվորներին հասցնելու Շահումյան և Շահումյանի թ/ֆ համայնքների բնակիչների աջակցությունները։ «Հանուն զինվորի, հանուն հայրենիքի»` այս անունն է կրում նրանց բարեգոծական նախաձեռնությունը, որը մեկ գաղափարի շուրջ է միավորել բոլորին։ «Երկու օր շարունակ բնակիչները այցելում ու իրենց ծանրոցները, նամակներն ու նվիրատվություններն էին հանձնում նախաձեռնող խմբին»,- նշում է նա։  

Այս և այլ ծրագրեր Մարզպետն ու իր ընկերներն իրականացնում են իրենց կողմից հիմնված Համայնքային երիտասարդական խորհրդի շրջանակներում։



Համայնքային երիտասարդական խորհուրդը Մարզպետ Յայլոյանի նախաձեռնությունն է։ «Միտքն առաջացավ ՄԱԿ-ի զագացման ծրագրի «Համայնքը ես եմ» համայնքային երիտասարդ առաջնորդների ճամբարի շրջանակում։ Մենք ուզում ենք զարգացնել մեր համայնքը, ազատ ժամանակը հետաքրքիր  ու օգտակար բաներով լրացնել։ Նախաձեռնությունն իրականացնում ենք Շահումյան և Շահումյանի թ/ֆ համայնաքապետարանների աջակցությամբ և համագործակցությամբ»,- պատմում է Մարզպետը։ 

Խորհրդի գործունեությունը միտված է համերաշխ կենսագործունեությանը, միասնական մոտեցումների ձևավորմանը, համընդհանուր բարեկեցության հասնելու նպատակով ջանքերի մեկտեղմանը:

«Ինչ-որ լավ բան անելու ահռելի ցանկություն կար ու խորհրդի գաղափարն էր ծագել և որոշեցինք զարգացնել։ Ցանկացանք, որ մեր խորհուրդը գործունեություն ծավալի ոչ միայն կրթության, մշակույթի, սպորտի, առողջ ապրելակերպի, բնապահպանության և բարեգործության ոլորտներում, այլև մասնակցի տեղական ինքնակառավարմանը, այդպիսով աջակցելով ՏԻՄ-երի աշխատանքներին։



Համայնքային երիտասարդական խորհուրդը իր գործունեության մեկնարկը տվել է ապրիլին՝ սկսելով միանգամից երկու կրթական և մեկ բարեգործական ծրագրերով:

«Ցանկանում ենք խթանել կրթությունը փոքր դասարաններից սկսած և այդ նպատակով ապրիլի համար կրթական 2 ծրագիր ենք նախաձեռնել՝ «Փոքրիկ արվեստագետներ» եւ «Գիտունիկ», որոնց նպատակն է աշակերտների մոտ արվեստի հանդեպ սեր արթնացնել և զարգացնել նրանց ինտելեկտուալ ունակությունները»,- պատմում է Մարզպետը։

Առաջիկա 6 ամիսների գործողությունների պլանն արդեն ունենք։ Նախատեսում ենք համայնքային զարգացման ծրագրեր իրականացնել վերը նշված ուղղություններով։ Պիտի նպաստենք համայնքային կյանքի աշխուժացմանը եւ երիտասարդների ներգրավմանը, որպեսզի իրականացնենք մեր նպատակները, այն է՝ ունենալ զարգացած համայնք, գրագետ քաղաքացի և ուժեղ պետություն։