Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-04-2019
«Տուրեցկու երգչախումբը» Երևանում կներկայանա երկու ինքնատիպ համերգով
Ռուսաստանի ամենահայտնի կոլեկտիվներից մեկը՝ լեգենդար Միխայիլ Տուրեցկու «Տուրեցկու երգչախումբը» («Хор Турецкого») Երևանում կներկայանա երկու ինքնատիպ համերգով:

Ամբողջ աշխարհում ճանաչում վայելող երաժշտախումբը մայիսի 27-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում և մայիսի 28-֊ին, ժամը 19:00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում կներկայացնի ինքնատիպ համերգային ծրագիր: «The best» խորագրի ներքո կհնչեն «Տուրեցկու երգչախմբի»  երկացանկի լավագույն ստեղծագործությունները: 

Ի դեպ, նշենք, որ սկզբում կոլեկտիվը Երևանում պետք է հանդես գար միայն մեկ համերգով, սակայն հաշվի առնելով մեծ պահանջարկն ու հետաքրքրությունը, որոշվեց ևս մեկ համերգ ավելացնել: 

«Տուրեցկու երգչախումբ»-ը երաժշտական կոլեկտիվ է, որը բաղկացած է տասը մենակատարներից: Երգչախումբը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Միխայիլ Տուրեցկին: Երաժիշտների երգացանկում ընդգրկված են երգեր` անգլերենով, ֆրանսերենով, իտալերենով, շուրջ այլ տասը լեզուներով: Երգչախմբի այցեքարտն այն է, որ խմբի անդամները կարողանում են իրենց կենդանի կատարմամբ փոխարինել երաժշտական գործիքների: «Տուրեցկու երգչախումբ»-ը երգում է տարբեր ազգությունների, դարաշրջանների, ժանրերի երաժշտություն, ինչն էլ հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրի գտնել «իր» երաժշտությունը:

Երգչախումբը մեր երկրում է եղել վերջին անգամ 7 տարի առաջ՝ 2012 թվականին: 

Տեղեկացնենք, որ երգչախմբի համերգները կազմակերպել են Prime Production-ը և SolArt ընկերությունը: