Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-04-2019
Երիտասարդ կին ծանրորդը Եվրոպայի առաջնության մեդալակիր
Լիաննա Գյուրջյանը չկանգնեց պատվո հարթակին, սակայն կարողացավ փոքր արծաթե մեդալ նվաճել։

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց պայքարում 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լիաննա Գյուրջյանն ընդհանուր երկամարտի հաշվարկում գրավեց չորրորդ տեղը: Մեծահասակների պայքարին մասնակցող 17-ամյա մարզիկը գրանցեց 217 կգ (97+120) արդյունք: Պոկում վարժությունից հետո Լիաննա Գյուրջյանը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում հաջողվեց անգամ նվաճել փոքր արծաթե մեդալ:

Ի դեպ, այս քաշային կարգում հանդես եկան 7 մարզուհիներ: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց հույն Էլենի Կոնստանտինիդին, որի երկամարտի արդյունքն էր 223 կգ (97+126): Երկրորդ տեղը գրավեց գերմանացի Նինա Շչրոթը՝ 222 կգ (102+120), իսկ լավագույն եռյակը եզրափակեց բելգիացի Աննա Վանբելինգենը՝ 221 կգ (103+118):

Այսօր մրցահարթակ դուրս կգա նաեւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ):

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանը 2 մեդալ էր նվաճել երկամարտում: 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: 

Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաեւ Արփինե Դալալյանը (+87 կգ), Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ)։ Վերոնշյալ մարզիկները հանդես կգան Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 13-ին: