Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-04-2019
Այսօր Մշակույթի միջազգային օրն է
Մշակույթն ուսումնասիրել, հիշել ու պահպանել պետք է մշտապես: Խիղճ, կարեկցանք, հպարտություն. այս զգացողությունները կարելի է սերմանել ու զարգացնել միայն իսկական մշակույթի օգնությամբ։

Դրա համար էլ, որպեսզի ևս մեկ անգամ շեշտվի մշակութային աշխարհի գործունեության բոլոր ոլորտների կարևորությունը, ստեղծվել է հատուկ տոն՝ Մշակույթի միջազգային օրը (World Day of Culture), որն աշխարհի շատ երկրներում նշվում է ապրիլի 15-ին։ 

«Մշակույթը հիշողություն է… Ուստի այն կապված է պատմության հետ և միշտ ենթադրում է մարդու, հասարակության և մարդկության բարոյական, մտավոր, հոգևոր կյանքի շարունակականությունը»: Լոտման

Տոնը հիմնվել է 1935թ.-ի ապրիլի 15-ին ընդունված «Գեղարվեստական ու գիտական հաստատությունների ու պատմական հուշարձանների պահպանության մասին» դաշնագրի պատվին, որը հայտնի է դարձել որպես Ռերիխի պակտ։
Պակտի ստորագրման օրը Մշակույթի միջազգային օր դարձնելու նախաձեռնությամբ 1998թ.-ին հանդես էր եկել Մշակույթի պաշտպանության միջազգային լիգան, որը դրանից 2 տարի առաջ էր ստեղծվել` Ռերիխների միջազգային կենտրոնի կողմից։ Այդ հասարակական կազմակերպության գործունեությունն ուղղված է մշակույթի, արվեստի, գիտության և կրոնի ձեռքբերումների պաշտպանությանն ու բազմապատկմանը։ 

«Գրադարաններն ամենակարևորն են մշակույթի մեջ: Կարող են չլինել մշակութային հաստատություններ, բայց եթե կան գրադարաններ, ապա մշակույթը նման երկրում չի կորչի»:
Լիկաչով

Արդեն 2008թ.-ին Ռուսաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Արգենտինայի, Մեքսիկայի, Կուբայի, Լատվիայի և Լիտվայի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ստեղծվեց Միջազգային շարժում, որը պահանջում էր ապրիլի 15-ը հռչակել Մշակույթի միջազգային օր։ Ու այսօր այդ տոնը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: 

«Մշակույթը ներկայացնում է թե՛ անհատների, թե՛ փոքր էթնիկ խմբերի և պետությունների գոյության հիմնական իմաստը, ինչպես նաև հիմնական արժեքը: Մշակույթի սահմաններից դուրս  այդ ամենը կորցնում է իմաստը»: Լիկաչով

Նշենք, որ դաշնագրի շրջանակում ստեղծվեց նաև պահպանվող մշակութային օբյեկտների պահպանիչ նշան՝ Խաղաղության դրոշ: Դրոշի սպիտակ ֆոնի վրա պատկերված է անցյալում, ներկայում և ապագայում մարդկանց ձեռքբերումները խորհրդանշող երեք կարմիր շրջանակ՝ շրջանակված հավերժության օղակով: 

Նյութի աղբյուրները` https://www.calend.runovichokprosto-biblioblog.blogspot.com