Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ «Edu VanHub» կրթական ծրագրի կազմակերպիչներից
Տեղադրվել է 16-04-2019
«Edu VanHub» կրթական ծրագիրը հաստատուն քայլերով առաջ է շարժվում
Դեռ 2015թ. գաղափար թվացող «Edu VanHub» կրթական ծրագիրն այսօր արդեն իրականություն է, ավելին` հաստատուն քայլերով առաջ է շարժվում:

Ծրագիրը նպաստում է սոցիալապես անբարենպաստ համայնքներում ապրող երիտասարդների մեդիագիտելիքների խթանմանն ու զարգացմանը: 

Որպես թիրախային մարզեր ընտրվել են Շիրակն ու Լոռին: Դրանք ընտրվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ խորհրդակցելու արդյունքում` որպես սոցիալապես անբարենպաստ մարզեր: Հաջորդիվ ընտրվել են գյուղեր` յուրաքանչյուր մարզից 5-ական:



«Edu VanHub» անվանումը ևս պատահական չէ ընտրվել: Van-ը մեքենայի թափքի տեսակն է, որով թիմն այցելում է գյուղեր: Մեքենան շատ դրական տեսք ունի` զարդարված կպչուն, գունավոր, պատկերավոր թղթերով: 
 
Ծրագրի հեղինակ, «GaragErasmus4Yerevan» կազմակերպության նախագահ Գևորգ Հարությունյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ծրագիրն ինքնին ներառական բնույթ ունի, ուստի նպատակ ունի նրանում ներառել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: «Սովորեցնում ենք մեդիակրթություն, որպեսզի նրանք տարբերեն կեղծ լուրերն իրականից, կարողանան տեսակետ հայտնել: Թրեյնինգներն անցկացնում են ոլորտի փորձառու մասնագետները, որոնց հետ նախնական քննարկվում են անցկացվելիք թրեյնինգների օրակարգն ու մատուցվող նյութերը: Ընդ որում` բոլորը մեծ սիրով են համաձայնում անցկացնել թրեյնինգները»,- նշում է Գևորգ Հարությունյանը: 



Վերջինս կարևորում է նաև երիտասադրների ու պատանիների ոգևորվածությունը` թրեյնինգներին մասնակցելու ժամանակ: «Առհասարակ շատ խելացի և մեծ կարողություններով երիտասարդներ ունենք: Կարող եմ վստահ ասել, որ շատ տաղանդավոր են, պարզապես մի փոքր համարձակության պակաս կա: Մենք փորձում ենք ամեն կերպ մոտիվացնել նրանց, լրացնել այն բացը, որն առկա է նրանց մոտ: Նրանց պատկերացումները սկզբից այլ էին: Մենք փորձեցինք կոտրել այդ դասական կարծրատիպը` ստեղծելով ընկերական, անմիջական միջավայր, ինչը նրանց հնարավորություն է տալիս անկաշկանդ արտահայտվելու»,- նշում է Գևորգ Հարությունյանը:
 


Ներկա պահին թրեյնինգներ են անցկացվել Լոռու մարզի 5 և Շիրակի մարզի 1 գյուղում: Արձագանքներն ու արդյունքները խոստումնալից են, քանի որ երիտասարդները մեծ ոգևորությամբ են մասնակցում  դասերին, ավելին՝ ցանկություն են հայտնում կրկին մասնակցելու: Ընդհանուր առմամբ ծրագրի պիլոտային փուլի համար նախատեսված է 10 այց, որը պետք է ավարտվի արդեն մայիս ամսին: Բացի այցերից, թիմն աշխատանքներ է տանում վեբ կայքի պատրաստման ուղղությամբ, որտեղ երիտասարդները կարող են ծանոթանալ կազմակերպության ծավալած գործունեությանը, ինչպես նաև կրթական ծրագրերի վերաբերյալ հայտարարություններին: Այս հարթակը կծառայի նաև մասնակիցների և թրեյներների միջև կապի ապահովմանը: 
 


Գևորգ Հարությունյանը չի բացառում ծրագրի շարունակությունը մյուս մարզերում ևս, ավելին՝ նպատակ կա այն դարձնել հայկական, կրթական բրենդ, որը չի սահմանափակվի միայն ՀՀ սահմաններով: Այսինքն` կդառնա միջազգային կրթական ծրագիր: 

«Մեդիայի ոլորտից ոչ մի կերպ փախչել հնարավոր չէ, իսկ կրթվելն ամենալավ միջոցն է, որպեսզի մարդը պաշտպանված լինի: Մենք միշտ թրեյնինգների ժամանակ ասում ենք, որ պարտադիր չէ որպեսզի ընտրեք լրագրողի կամ լուսանկարչի մասնագիտություն, սակայն անհրաժեշտ է և երբեմն պարտադիր` ոլորտի մարտահրավերերից իրազեկ լինելը: Տարիքն ու մասնագիտությունն ամենևին էլ կապ չունեն, քանի որ 21-րդ դարում մարդը պետք է մեդիակրթված լինի»,- նշում է նա: 

Նշենք որ մասնակիցները նաև մասնակցության վկայականներ են ստանում:

Հ. Գ.: Գևորգ Հարությունյանի մասին կարող եք ընթերցել նաև Eritasard.am-ի «Հաջողության գրավականը» խորագրում: