Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 18-04-2019
Մեկնարկել է «Կրթություն և կարիերա EXPO 2019»-ը
Ապրիլի 17-ին մեկնարկեց միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը տեղի ունեցավ «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում։



«Կրթություն և կարիերա EXPO 2019» ցուցահանդեսը, ընդգրկելով կրթության կարևորագույն ոլորտների գործունեությունը, ցուցահանդեսային երեք  օրերի ընթացքում բոլոր  դիմորդներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն և ինֆորմացիա: 

««Կրթություն և կարիերա EXPO 2019» ցուցահանդեսի ջերմ մթնոլորտում այցելուները կստանան կրթության ոլորտին վերաբերող բոլոր հարցերի պատասխանները  և լուսաբանումները:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նման ցուցահանդեսները կարևոր են առկա հնարավորությունները ներկայացնելու և համագործակցության ուղիներ նախանշելու տեսանկյուններից: Նախարարը մասնավորապես կարևորեց, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս տարբեր ուսումնական հաստատություններին ձևավորելու կրթության կառավարման նոր մեխանիզմներ:



Ամեն տարի կազմակերպվող ցուցահանդեսի ընթացքում Հայաստանում և արտերկրում գործող կրթօջախները հնարավորություն են ստանում ներկայանալու տարբեր տաղավարներով՝ ներկայացնելով իրենց կրթական ծրագրերը: ԵՊՀ-ն երեք օրերի ընթացքում մշտական ցուցադրությամբ տրամադրելու է ԵՊՀ-ի մասին ընդհանուր և դիմորդներին անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև ներկայացնելու է ԵՊՀ հրատարակումները:

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ներկայանում էր ինքնատիպ տաղավարով։Այստեղ ներկայացված էին «Սուպեր Դավիթ և Անահիտ» անվանական տիկնիկները, բուհական գրքույկներ, գիտական և գիտամեթոդական աշխատություններ, ՃԿՊԱ ձեռքբերումները՝ մեդալներ, շքանշաններ, պատվոգրեր, պաստառներ:

ՃԿՊԱ կառավարման բաժնի մագիստրոս Արայիկ Հակոբջանյանը  մեզ հետ զրույցում նշեց, որ «Սուպեր Դավիթ և Անահիտ» խոսող տիկնիկները նախապես ծրագրավորված հարց ու պատասխանի միջոցով արտաբերում են 6 տեքստ և երեխաներին սովորեցնում պաշտպանվել բնական աղետներից:



Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան N2 ավագ դպրոցը  առաջին անգամ է մասնակցում ցուցահանդեսին: Ներկայացնում են իրենց  դպրոցի սաների ձեռքի աշխատանքները, ինչպես նաև դպրոցի պուրակից հավաքած  թթից պատրաստված մուրաբանները:

 «Մեր աշխատանքների վաճառքից ստացված հասույթը կտրամադրենք  դպրոցում փոքրիկ անկյուն ստեղծելուն. նաև  կուղղենք վերանորոգման աշխատանքներին»,-ասում է  աշակերտուհի Արմինե Խաչատրյանը։

Ցուցահանդեսում ներկայացված է  BEE@ Code ծրագրավորման կազմակերպությունը՝ «Սովորիր երկուսով՝ ընդամենը  մեկի փոխարեն վճարելով» կարգախոսով։



Կազմակերպության ներկայացուցիչ Լիանա Սարգսյանի խոսքով առաջին անգամ չէ, որ մասնակցում են «Կրթություն և Կարիերա EXPO»-ին : Ծրագիրը  EXPO-ի շրջանակում այցելուներին առաջարկում է սովորել Վեբ ծրագրավորում, ինչպես նաև անվճար պրակտիկա ուսանողների համար. «EXPO –ն ճանաչում է բերում և ավելի շատ երիտասարդներն են հետաքրքրված, սա հնարավորություն է տալիս մասնագիտություն ընտրելու հարցում»:

Եթե ունեք կրթության ոլորտի հետ կապված հարցեր, ապա մինչ ապրիլի 19-ը կարող եք այցելել «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիր։