Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 23-04-2019
Քննարկում՝ ԼՂ հակամարտության մոտեցումների մասին
Ապրիլի 22-ին «Հանրային լրագրության ակումբը» Երևանի պետական համալսարանում կազմակերպել էր «Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը» թեմայով քննարկում։
Միջոցառման ժամանակ անդրադարձ կատարվեց International alert միջազգային կազմակերպության փորձագետների զեկույցին՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ, որտեղ նրանք հակամարտությունը որակում են որպես նախկին ԽՍՀՄ տարածքում առավել վտանգավոր եւ անկանխատեսելի հակամարտություններից մեկը։



Քննարկմանը մասնակցում էին լրագրող, զեկույցի համահեղինակ Մարկ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Մարիա Կարապետյանը, Արցախի «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի համակարգող, «Սիվիլիթաս» հիմնադրամի մեկնաբան-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը և «International alert» կազմակերպության Կովկասի տարածաշրջանային ղեկավար Սոֆիա Փագսլին:
 
Սոֆիա Փագսլին փաստեց, որ հետազոտության նպատակն է պարզել, թե կոնֆլիկտի տարբեր կողմերում գտնվող մարդիկ ինչպես են պատկերացնում իրենց դերը կոնֆլիկտի հաղթահարման գործընթացում. «Շատ եմ կարևորում բարձրաձայնած թեմայի մասին հատկապես երիտասարդների կարծիքը, քանի որ հենց նրանք են շարունակելու սկսված գործընթացները»:


 
Լրագրող, զեկույցի համահեղինակ Մարկ Գրիգորյանը նշեց, որ հասարակության տարբեր շերտերը տարբեր կերպ են ընկալում հակամարտության էությունը.
 
«Հետաքրքիր է, որ կողմերից յուրաքանչյուրի համար խաղաղությունը յուրովի է սահմանվում: Հայի և արցախցու համար խաղաղությունը կայունություն է, մինչդեռ ադրբեջանցու համար՝ արդարության վերականգնում»,-ասաց  նա:


 
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Մարիա Կարապետյանը փաստեց, որ ԼՂ հակամարտության բանակցություններն առավել թափանցիկ են դարձել. «Այժմ այն, ինչ ասվում է տանը, կրկնվում է նաև դրսում և հակառակը: Այս գործընթացում այլևս չկան ներքին և արտաքին ուղերձներ»:
 
Նշենք, որ International alert-ը ղարաբաղյան հակամարտության խաղարարար նախաձեռնություններին տարբեր մակարդակներում շուրջ 20 տարվա մասնակցության փորձ ունենալով, ուսումնասիրություն է իրականացրել՝ փորձելով ցույց տալ պատերազմի այլընտրանքները, հակամարտության փոխակերպման ուղիները, ինչպես նաեւ հակամարտող կողմերի ու միջնորդների մոտեցումները։