Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-04-2019
Առողջության և աշխատավայրում անվտանգության միջազգային օրն է
Ապրիլի 28-ը Առողջության և աշխատավայրում անվտանգության միջազգային օր է հայտարարել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը:
Նախաձեռնության նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել  աշխատավայրում գոյություն ունեցող խնդիրներին, ինչպես նաեւ հարցին, թե աշխատանքի պահպանության մշակույթի ստեղծումն ու առաջընթացն ինչպես կարող է նպաստել աշխատավայրերում ամեն տարի արձանագրվող մահացության ծավալի նվազմանը:

Առողջության և աշխատավայրում անվտանգության համաշխարհային օրը նշելու գաղափարն էլ ծագել է զոհված աշխատողների հիշատակին նվիրված օրվանից, որն առաջին անգամ  1989թ.-ին նշել են ամերիկացի և կանադացի աշխատավորները՝ աշխատավայրում տուժած կամ զոհված աշխատողների հիշատակի պատվին:

Առաջին անգամ օրը նշվել է 2003 թվականին: 

Այսօր արդեն տարբեր երկրներում բազմաթիվ  միջոցառումներ են անցկացվում, որոնք ուղղված են աշխատավայրերում գոյություն ունեցող խնդիրներին ուշադրություն հրավիրելուն:

Հայաստանում աշխատանքի իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է որպես աշխատանքի ընտրության ազատության իրավունք: Աշխատանքային մյուս իրավունքները սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով, Զբաղվածության մասին ՀՀ օրենքով, Ձեռնարկատիրության և ձեռնարկատիրական գործունեության մասին ՀՀ օրենքով և այլն:

Դրանցով, մասնավորապես, սահմանված են արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, հանգստի և ամենամյա արձակուրդի իրավունքը, անվտանգության և հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունքը: