Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-05-2019
Երկրներ, որտեղ պարտադիր նշվում է մայիսի 1-ը
Ավելի քան 142 երկրում մայիսի 1-ը տոնական օր է. Աշխատանքի և աշխատավորի օրը: 1886թ.-ից մայիսի 1-ին բանվորական շարժումներ և բախումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում՝ Չիկագոյում: Մասնակիցներից շատերը ձերբակալվեցին, իսկ կազմակերպիչները դատապարտվեցին մահվան:

1889թ. Փարիզի կոնգրեսը որոշեց, որ միջազգային պրոլետարիատը պետք է միավորվի և պայքարի իր իրավունքների, հատկապես`   8-ժամյա աշխատանքային օրվա համար: Ուստի որոշվեց մեկ միասնական օր ընտրել, երբ աշխարհի բանվոր դասակարգն իշխանություններին իր պահանջները կներկայացնի: 

Ըստ Vestifinance.ru-ի` ներկայացնում ենք երկրներից մի քանիսը, որտեղ մայիսի 1-ը նշվում է տոնական միջոցառումներով. 

Ֆրանսիա 

Մայիսի 1-ը Ֆրանսիայում համարվում է պետական տոն: Այս օրը ոչ աշխատանքային է: Չեն աշխատում նաև որոշ խանութներ, թանգարաններ, սրահներ: Փոխարենը, աշխատում են սրճարանները: Այգիները, քաղաքի փողոցները, ի տարբերություն սովորական օրերի, մարդաշատ են: 

Չինաստան

1949թ. դեկտեմբերին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության որոշմամբ, մայիսի 1-ը հայտարարվեց պաշտոնական տոն: Մայիսի 1-ը չինացիների համար ոչ աշխատանքային է: Վերջիններս նախընտրում են օրն անցկացնել ընտանիքի և ընկերներ հետ: Թատրոնների խաղացանկը տարբերվում է նախորդ օրերի խաղացանկից, իսկ համերգասրահներում տոնական համերգներ են կազմակերպվում, որոնք ցուցադրվում են նաև հեռուստատեսությամբ: 

Ուկրաինա

Մինչև 2017թ. Ուկրաինայում տոնը կոչվում էր Աշխատավորների միջազգային համերաշխության օր: Այնուամենայնիվ, Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելուց հետո (որպես կոմունիզմի մի մաս) այն վերանվանվեց Աշխատանքի օր: Ուկրաինայում օրվա հետ կապված ևս տարբեր միջոցառումներ են կազմակերպվում: 

Ղրղզստան

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Ղրղզստանում մայիսի 1-ը կնշվի տարբեր միջոցառումների համատեքստում: Քանի որ Ղրղզստանը ԽՍՀՄ մաս էր կազմում, ուստի մայիսի 1-ը երկրում նշվում է դեռ անցյալ դարից: Ներկայիս Ղրղզստանում շարունակում են տոնը նույնքան շուքով նշել: 

Պակիստան

Պակիստանը ևս այն երկրների շարքում է, որտեղ մայիսի 1-ը ոչ միայն ոչ աշխատանքային  օր է, այլ նաև պարտադիր նշվում է տարբեր միջոցառումներով: Տոնը երկրում սկսել են նշել, երբ 1889 թ. Փարիզում կայացավ Երկրորդ միջազգային կոնգրեսը, որի ժամանակ որոշում  կայացվեց ամեն տարի տոնել մայիսի 1-ը` որպես Աշխատողների համերաշխության օր:

Շրի Լանկա

Մայիսի 1-ը Շրի Լանկայում համարվում է յուրաքանչյուր ցուցարարի և կուսակցության անդամի տոն: Կազմակերպվում են հանրահավաքներ, ցույցեր, ինչպես նաև տոնական միջոցառումներ, որոնք ուղեկցվում են պարերով, երգով, զվարճալի տեսարաններով: Իսկ որ ամենագլխավորն է` տիրում է կոլորիտային, ազգային միջավայր: 

Արգենտինա

Արգենտինայում Աշխատանքի օրը պաշտոնական տոն է: Օրվա ընթացքում տեղի են ունենում բազմաթիվ տոնական միջոցառումներ, որոնք վերաբերում են աշխատանքային շարժմանը:  Տոնական միջոցաումները երկրի որոշ հատվածներում ուղեկցվում են ցույցերով: Առաջին անգամ տոնն Արգենտինայում սկսել են նշել 1890թ.-ին, երբ արգենտինյան միությունները, որոնք այդ օրերին կառավարում էին սոցիալիստներն ու անարխիստները, կազմակերպեցին մի շարք համատեղ միջոցառումներ` Բուենոս Այրեսում և այլ քաղաքներում: Իսկ արդեն 1930 թ. այն դարձավ պաշտոնական տոն: 

Հունաստան

Հունաստանում ևս մայիսի 1-ը համարվում է ոչ աշխատանքային: Տոնը ևս ունի պատմություն կապված շարժումների և ցույցերի հետ: 2010 թ. մայիսի 1-ին Հունաստանում կայացավ անարխիստների և կոմունիստական կողմնակիցների մի շարք բողոքներ, որտեղ ոստիկանության հետ բախումներ տեղի ունեցան: Նրանք դեմ էին կառավարությանը տնտեսական բարեփոխումներին, աշխատատեղերի և աշխատավարձերի կրճատմանը: Արդեն մի քանի տարի է, ինչ Հունաստանում օրը նշվում է տարբեր միջոցառումների կազմակերպմամբ:  

Հայաստան

Vestifinance.ru-ն մայիսի 1-ը նշող երկրների շարքում չի մոռացել նաև նշել Հայաստանի անունը: Հայաստանում մայիսի 1-ը ոչ աշխատանքային է: Այն, Խորհրդային Միությունում, ինչպես նաև Խորհրդային Հայաստանում հիմնական տոներից մեկն էր: Օրը համարվում էր աշխատանքի և խաղաղության տոն, որի զգացողությունն ունեին գրեթե բոլոր աշխատավորները: Հանրապետության տարբեր քաղաքներում անցկացվում էին շքերթներ, համագումարներ, այլ միջոցառումներ: Խորհրդային մամուլի գլխավոր էջերում տոնի լուսաբանմանը նվիրված տարբեր հոդվածներ էին գրվում: «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով ներկայում էլ ոչ աշխատանքային մայիսի մեկը նշվում է որպես Աշխատանքի օր:  Ավանդույթի համաձայն` քաղաքի փողոցներում տոնական տրամադրությունն ապահովում են գունավոր փուչիկները, քաղցր բամբակն ու իհարկե մանուկների ժպիտները: 

Նյութի աղբյուրը` www.vestifinance.ru