Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 02-05-2019
«Գրեմմի»-ի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան ելույթ ունեցավ Հայաստանում
Ջազի միջազգային օրը` ապրիլի 30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես եկավ կուբացի դաշնակահար, «Գրեմմի»-ի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան: Այս անգամ նա մեր երկիր էր ժամանել իր տրիոյի երաժիշտների՝ Մեթյու Բրյուերի և թմբկահար Էրիկ Հարլենդի հետ։ Համերգը կազմակերպել էին «Ջազի հայկական ասոցիացիան» և «Մեցցո փրոդաքշնը»:

Գոնսալո Ռուբալկաբան համարվում է ջազի ամենակարկառուն և հռչակավոր դեմքերից մեկը: Ծնվելով երաժիշտների ընտանիքում՝ ապագա դաշնակահար և կոմպոզիտորը երաժշտական ասպարեզում իր առաջին քայլերը սկսում է դեռևս վեց տարեկանից` նվագելով հարվածային գործիքներ: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ռուբալկաբան համագործակցել է այնպիսի ջազմենների հետ, ինչպիսիք են Դիզի Գիլեսպին, Չուչո Վալդեսը, Չարլի Հեյդենը և այլք: Ջազի կնքահայր Հերբի Հենքոքը նրան անվանել է դարի լավագույն դաշնակահար: Ռուբալկաբան ընդհանուր առմամբ թողարկել է մոտ 25 ձայնասկավառակ, որոնցից երկուսը՝ «Nocturne»-ը (2001թ.) և «Land of the sun»-ը (2004թ.), արժանացել են «Գրեմմի» մրցանակի:

«Գրեմմիի» հավակնորդ Էրիկ Հարլենդը հանրահայտ «Zildjian» բրենդի ներկայացուցիչ է, նվագակցել է համաշխարհային մի շարք արտիստների։ Համարվում է 21-րդ դարի ամենապահանջված թմբկահարներից մեկը, և մինչ այս ներկայացել է ավելի քան 260 ձայնագրություններում։

Մեթյուն շրջապատված է եղել երաժշտությամբ դեռ վաղ տարիքից. նրա հայրն ու պապը նույնպես երաժշտական ասպարեզից են։ Մեթյու Բրուերը համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Գրեգ Օսբին, Գոնսալո Ռուբալկաբան, Լի Կոնիցը, Դավիթ Սանչեսը և այլք:

Ի դեպ, սա Գոնսալո Ռուբալկաբայի առաջին երևանյան այցը չէր.նա արդեն հասցրել էր հանդես գալ մեր երկրում: Մինչ համերգը հասցրել էր հանդիպել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ով ապրիլի 30-ին հյուրընկալել էր ջազի հայ վարպետներին: Քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում երաժիշտը նկատել է, որ Հայաստանի մայրաքաղաքում համերգային ծրագրով հանդես գալը մեծ պատասխանատվություն է, քանի որ հայկական ջազն ունի հրաշալի ավանդույթներ ու գերազանց հանդիսատես:

Հայաստանյան այս համերգին Ռուբալկաբան ներկայացրեց ինքնատիպ ստեղծագործություններ և իմպրովիզներ: Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած համերգից հետո Ռուբալկաբան ուղևորվեց Կասկադ՝ միանալով հայ ջազմեններին և ինքնատիպ կատարումներ նվիրելով Ջազի միջազգային օրվան նվիրված բացօթյա համերգի մասնակիցներին:

Պատկերասրահ՝ Գոնսալո Ռուբալկաբան ելույթ ունեցավ Հայաստանում