Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 04-05-2019
«Երևանի գինու օրեր»-ն այս տարի ավելի ընդգրկուն էր
«Երևանի գինու օրեր»-ն այս տարի արդեն անցկացվում է երրորդ անգամ:

Միջոցառման կազմակերպիչն է «ԷվենՏուրա» ընկերությունը: Այս տարի «Երևանի գինու օրեր»-ին ներկայացված է 25 տաղավար, 30-ից ավելի ռեստորաններ: 

Միջոցառումն անցկացվում է Երևանի կենտրոնական և ամենակոլորիտային անկյուններից մեկում՝ Սարյան և Մոսկովյան փողոցների համապատասխանաբար Պուշկին և Սպենդիարյան խաչմերուկների հատվածում։

Անհնար է չնշել, որ «Երևանի գինու օրերը» նպաստում են Հայաստանի և մասնավորապես՝ Երևանի իմիջի ամրապնդմանն ու բարձրացմանը համաշխարհային զբոսաշրջության շուկայում: Այս տարի միջոցառման այցելուների աշխարհագրական բաշխվածությունն ընդարձակվել է՝ ԱՊՀ բոլոր երկրներից ընդհուպ մինչև Կանադա և Ավստրալիա։

«Սա արդեն 3-րդ տարին անցկացվող, Երևանին նվիրված միջոցառում է՝ միտված գինու և գինու տուրիզմի հանրահռչակմանը: Միջոցառումը միտված է զարգացնելու իրադարձային զբոսաշրջությունը, նաև հանրությանը ծանոթացնելու գինու մշակույթին, նոր գինեգործներին, նոր արտադրողներին, հին արտադրողներին, որոնք ունեն նոր գինիներ: Կարծում եմ, որ սա բարի ավանդույթ է դառնում, որտեղ երևանցիներն ու հյուրերը հանդիպում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց «ԷվենՏուրա»-ի համահիմնադիր Նունե Մանուկյանը:

Գինեգործ Հենրիկ Սալջյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տաղավարներին գրեթե հավասարապես մոտենում են թե՛ հայաստանցիներ, թե՛ զբոսաշրջիկներ: Նա նկատել է, որ ավելի շատ նախընտրում են մրգային գինիներ, հատկապես նռան, գինեգործի խոսքով  «Երևանի գինու օրերը» հիանալի հնարավորություն են ընձեռելում նաեւ հայ գինի արտադրողներին, լավագույն ռեստորաններին և կամ այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերություններին՝ ներկայանալ հայ և միջազգային այցելուներին, ցուցադրել իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռք բերել և իրականացնել մարքեթինգային այլ ակցիաներ:

Հիշեցնենք, արդեն ավանդաբար մայիսի 5-ին և 6-ին Երեւանում անցակացվում է գինու փառատոն, տեղադրվում են տաղավարներ, կազմակերպվում է հայրենական արտադրության գինիների, խորտիկների եւ քաղցրեղենի համտես։ Փառատոնը սովորաբար կազմակերպվում էր Սարյան փողոցում, այս տարի ավելի ընդգրկուն էր։

Պատկերասրահ՝ Երևանի գինու օրեր - 2019