Նյութը՝ «Գյումրու երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ից
Լուսանկարները՝ «Գյումրու երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ից
Տեղադրվել է 08-05-2019
Մեկ օր սահմանին. Գյումրու երիտասարդական պալատը Պառավաքարում
Մայիսի 6-ին Գյումրու Երիտասարդական պալատում տեղի ունեցավ «Մեկ օր սահմանին» ծրագրի ամփոփումը և համանուն ցուցահանդեսը, որին ներկայացված էին Տավուշի մարզի Պառավաքար գյուղի 7-12 տարեկան երեխաների նկարները:



Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Մեկ օր սահմանին» բարեգործական ծրագրին իրենց մասնակցությունն ունեցած անհատներ, ովքեր Գյումրու Երիտասարդական Պալատի կողմից արժանացան շնորհակալագրերի:  Մեկ ամիս առաջ` ապրիլի 6-ին, Գյումրու Երիտասարդական պալատի աշխատակազմն ու կամավորներն  այցելել էին  Տավուշի մարզի Պառավաքար գյուղ: Ծրագիրն իրականացվել էր «Հարավային Կովկասն առանց ականների» արշավի ընթացքում` համագործակցելով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի  և Վորլդ Վիժն Հայաստանի Շիրակի մարզի տարածքային գրասենյակի հետ: 



Ծրագրի շրջանակներում Երիտասարդական պալատի կամավորները հանդիպումներ են ունեցել տարբեր տարիքի պատանիների և երիտասարդների հետ` ներկայացնելով զուգահեռ թրեյնինգների շարք: Կամավորների մյուս խումբն աշխատել է ավելի փոքր տարիքային խմբի երեխաների հետ` տարբեր ինտերակտիվ խաղերի միջոցով բացահայտելով վերջիններիս համար կարևոր արժեհամակարգային գաղափարներ: Այս ամենին զուգահեռ, Երիտասարդական Պալատը գյումրեցիների ուժերով 130-ից ավելի պատանիների և ականի պայթյունից տուժած շուրջ 30 ընտանիքների համար պատրաստել էր նվերներ, որոնք հանձնվել են տեղում: Ուսումնադաստիարակչական և ժամանցային տարբեր գրքեր ու խաղեր հանձնվել են Պառավաքարի միջնակարգ դպրոցի թաքստոցին, իսկ օրվա ավարտին Գյումրու Ռոք դպրոցի սաները ռազմահայրենասիրական երգերով համերգային ծրագիր են ներկայացրել պառավաքարցիներին: 



«Մեկ օր սահմանին» ծրագիրը Գյումրու երիտասարդական պալատի թվով 3-րդ, իսկ ծավալով` ամենամեծ բարեգործական ծրագիրն էր, որը նպատակ ուներ երիտասարդներին հնարավորություն ընձեռելու այցելել սահմանամերձ համայնքներ, իրենց նյութական և ոչ նյութական փոքրիկ  ներդրումը ունենալ սահմանամերձ բնակավայրի սոցիալապես անապահով բնակիչների, մասնավորապես` պատանիների և երիտասարդների առօրյան ավելի գունեղ դարձնելու համար: 

Հայաստանում եզակի համայնքային ենթակայության երիտասարդական կենտրոններից մեկը` Գյումրու Երիտասարդական Պալատը, այս տարի նշեց իր գործունեության 3-ամյակը: