Նյութը՝ «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ից
Տեղադրվել է 09-05-2019
«Ապագան իրազեկ քաղաքացունն է»
«Ապագան իրազեկ քաղաքացունն է» էներգաարդյունավետության վերաբերյալ հանրային իրազեկմանն ուղղված ծրագրի շրջանակներում մայիսի 7-ին Աղվերանում կայացավ «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի և գործընկերների համատեղ մասնակցությամբ բիզնես-լանչ։

Միջոցառումը ծրագրի ամփոփիչ փուլի հերթական հանդիպումներից էր, որի նպատակն էր գործընկերներին առաջարկել անմիջական շփումների և հետագա համագործակցության էլ ավելի խորացման հարթակ։ 



«Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի նախագահ Սիրարփի Մանյանը ներկայացրեց «Ապագան իրազեկ քաղաքացունն է» ծրագրի նախապատրաստական և ծրագրի բուն ընթացքը, կատարված աշխատանքները։ 

Սիրարփի Մանյանի խոսքով՝ մի քանի ամիսների ընթացքում հաջողվել է Կոտայքի մարզի 5 համայնքներում էներգաարդյունավետության և էներգախնայողության մասին հանրային իրազեկմանը զուգահեռ, նաև իրականացնել համայնքների կարիքների գնահատում, թիրախային ուսումնասիրություններ, որոնց արդյունքում որոշվել է աջակցել մի քանի համայնքապատկան կառույցների՝ դառնալ ավելի էներգախնայող և էներգաարդյունավետ։  



Սիրարփի Մանյանը նաև հավելեց, որ ծրագրի կարևոր ձեռքբերումների թվում համայնքների հանձնառությունն է՝ համայնքային զարգացման ծրագրերում և դրանցով նախատեսված միջոցառումներում որպես գերակա սկզբունք ներառել էներգախնայողությունը։ 

Ծրագրի փորձագետներ Կնյազ Սարոյանը և Սյուզաննա Պետրոսյանն, անդրադառնալով իրազեկման միջոցառումներին, փաստեցին, որ համայնքներից շատերում կա խնդրի վերաբերյալ իրազեկվածության պակաս, այդ իսկ պատճառով էլ ծրագրի շրջանակներում հիմնական շեշտադրումն արվել էր մասնակիցներին թե տեսական և թե կիրառական տեղեկատվություն փոխանցելու վրա, ինչպես նաև ներկայացնել էներգախնայողության բարձրացմանը միտված այնպիսի ոչ ծախսատար լուծումներ, որոնք հնարավոր է կիրառել առօրյա կենցաղում։ 



Ծրագրի դոնոր հանդիսացող ԱՍԲԱ Հիմնադրամի ղեկավար Արա Նազինյանը, դրական գնահատելով ծրագրի ընթացքը, բիզնես լանչին ներկա գործընկեր համայնքապետարանների ներկայացուցիչներին կոչ արեց մասնակցել ծրագրի հաջորդ փուլերին՝ այդ կերպ հնարավորություն ձեռք բերելով ստանալ ավելի մեծ աջակցություն էներագաախնայողությունը բարձրացնող միջոցառումների իրականացման համար։ 

Բիզնես-լանչի շրջանակներում հետագա համագործակցությանը միտված հուշագրեր կնքվեցին «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի և Եղվարդ, Հրազդան, Աբովյան, Չարենցավան և Նոր Հաճն համայնքների միջև։