Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 09-05-2019
«Ալաշկերտը» դարձավ Հայաստանի գավաթակիր
Դրամատիկ պայքարում «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։

«Բանանց» վերակառուցված ու վերջերս վերաբացված ստադիոնում կայացավ Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը։ Մրցում էին երկրի չեմպիոն «Ալաշկերտը» եւ «Լոռին»։

Դիմակայության սկզբում վանաձորյան թիմի ֆուտբոլիստները փորձում էին ակտիվության հաշվին առավելություն ստանալ մրցակցի նկատմամբ, սակայն նրանց ջանքերն արդյունք չտվեց ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում։

Երկրորդ խաղակեսում «Ալաշկերտը» փորձեց ամբողջության տիրել նախաձեռնությանը ու կարճ ժամանակ անց հասավ ցանկալի հաջողության։ Հանդիպման 65-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց «Լոռիի» տուգանային հրապարակում. գնդակն անդրադարձավ վանաձորյան թիմի խաղացողից ու արդյունքում հայտնվեց դարպասում։ «Ալաշկերտը» հաշվի մեջ առաջ անցավ։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլեւս դարպասի գրավում չարձանագրվեց։ Արդյունքում «Ալաշկերտը» 2018-2019 մրցաշրջանի գավաթակիրն է։

Տիտղոսի նվաճումը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ոչ ամենեւին հաջող հանդես եկող «Ալաշկերտի» համար ապահովեց տեղը ամռանը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փուլում։ Հատկանշական է, որ մինչեւ այս պահը չեմպիոն «Ալաշկերտին» չէր հաջողվել նվաճել Հայաստանի գավաթը, իսկ «Լոռին» իր պատմության մեջ առաջին անգամ էր խաղում գավաթային մրցաշարի եզրափակիչում։

Ուշարժան է, որ Հայաստանի գավաթի՝ պատմության 28-րդ եզրափակիչը կայացավ գրեթե լեփ-լեցուն մարզադաշտում, որտեղ հանդիսականների մի ստվար հատված ժամանել էր Վանաձորից՝ Երեւանում սատարելու սիրելի թիմին: «Լոռիի» երկրպագուների խոսքով՝ իրենց միանալու ցանկություն էին հայտնել մի շարք այլ վանաձորցիներ եւս, սակայն 2000-ից ավելի հանդիսականի տեղափոխությունը չափազանց բարդ կլիներ կարգավորելը։

Հաղթողին եւ եզրափակչի մասնակիցներին պարգեւատրեց, «Ալաշկերտին» փոխանցիկ գավաթը հանձնեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Հիշարժան է, որ եզրափակիչ խաղը սպասարկում էր Իսպանիայից ժամանակ մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավարն էր բազմափորձ Ալբերտո Ունդիանո Մալենկոն։