Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-05-2019
Դաշնակահար Իվո Պոգորելիչը ելույթ ունեցավ Երևանում
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում մայիսի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ Երևանում հանդես եկավ լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը:

«Յուրաքանչյուր համերգին անում եմ ավելին, քան նախորդին, ու այդպես  ընդունված չափանիշներից բարձրանում եմ: Դրա համար պատրաստվել է անհրաժեշտ»,- մայիսի 13-ին` համերգից առաջ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց երաժիշտը: Նա նաև հավելեց. «Գիտեի, որ Երևանը գեղեցիկ է, բայց տեսա, որ նաև մարդիկ են շատ ջերմ ու հյուրընկալ: Հրաշալի մթնոլորտ է»: 

Համերգային երեկոյին Պոգորելիչը հնչեցրեց Մոցարտի, Շոպենի և այլ մեծանուն կոմպոզիտորների հանրահայտ ու սիրված ստեղծագործություններ: Նշենք, որ Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացված համերգն իր ներկայությամբ պատվեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: 



Իվո Պոգորելիչը մեր օրերի դասական երաժշտության համաշխարհային բեմի նշաձողերից է: Նրա բացառիկ տաղանդը և վիրտուոզությունը, նորարարությունն  ու արտահայտչականության մեջ ձգտումը կատարյալին դասեցին դաշնակահարին մեր օրերի երաժշտական հսկաների շարքում: Իվո Պոգորելիչը ընդլայնել է երաժշտական մեկնաբանության հորիզոնները` սահմանելով նոր չափանիշներ համաշխարհային դաշնամուրային կատարողական արվեստում: Նրա համերգներն ողջ աշխարհում համարվում են ամենասպասված մշակութային իրադարձությունները` բազմաթիվ մարդկանց կողմից, իսկ Իվո Պոգորելիչը աստղը առանձնանում է պատմության մեջ եղած բոլոր մեծագույն դաշնակահարների համաստեղությունից: 

Դեռևս քսանամյա Իվոյին դաշնակահարուհի Մարթա Արգերիխն անվանեց հանճար, որի համերգները հետագայում դարձան կուլտային և սենսացիոն: Պոգորելիչը նվագել է Վիեննայի, Բեռլինի, Բոստոնի, Չիկագոյի, Լոնդոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Ցյուրիխի Տոնհալե, Կոնսերգեբաու նվագախմբերի հետ: Նրա ձայնագրած 14 ձայներիզները շարունակում են մնալ կատալոգների առաջին տողերում` ունենալով ունկնդիրների ամենամեծ քանակը:



Հայտնի են Պոգորելիչի բարեգործական և երիտասարդ երաժիշտներին աջակցելու նախաձեռնությունները: Նրա անվան հետ են կապված փառատոներ Գերմանիայում և ԱՄՆ-ում` Նյու Յորքի Քարնեգի Հոլում և Մանհեթենում, իսկ Փասադենայում անցկացվող «Իվո Պոգորելիչ» մրցույթը սահմանել է աննախադեպ 100,000 դոլար մրցանակ` ի շահ նորահայտ տաղանդների:

Իվո Պոգորելիչն առաջին դասական երաժիշտն է, որին 1988 թվականին պատիվ է ընձեռնվել ստանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումը:

2019 թվականը դաշնակահարի համար հոբելյանական է: Նա տոնում է ծննդյան 60- և ստեղծագործական գործունեության 40-ամյակները:



Հոբելյանական շրջագայությունները կանցկացվեն Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հեռավոր Արևելքում: Ճապոնիայի պետական հեռուստաընկերությունը նկարահանում է լիամետրաժ վավերագրական ֆիլմ` նվիրված արտիստի կյանքին և գործունեությանը:

Հավելենք նաև, որ «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Իվո Պոգորելիչի մենահամերգին կհաջորդի «Գրեմմի» մրցանակի արժանացած ամերիկյան Parker Quartet-ի համերգը: