Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-05-2019
Այսօր Ընտանիքի միջազգային օրն է
Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է (International Day of Families): Օրը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից` 1993թ. սեպտեմբերի 20-ին: Տոնի պաշտոնական օր սահմանվել է մայիսի 15-ը, սկսել են նշել 1994թ.

ՄԱԿ-ի կողմից ընտանիքի միջազգային օրվա հաստատումը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա: 

«Ընտանիքը հասարակության բյուրեղն է». Հյուգո

Դեռևս 90-ական թթ. ամուսնալուծությունների կտրուկ աճ նկատվեց, ինչպես նաև աճեց այն մարդկանց թիվը, որոնք հատել էին 30-ի շեմը, սակայն դեռևս չէին ամուսնացել և անգամ չէին էլ մտածում ամուսնության մասին: Այդ ամենը հանգեցրեց նրան, որ 90-ականներին, կարելի էր ասել, աշխարհը կանգնած էր դեմոգրաֆիական ճգնաժամի առաջ: Ուստի որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն առաջացավ:

«Սերը հայրենիքի նկատմամբ սկսվում է ընտանիքից». Բեկոն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով` մեկ ընտանիքի հիմնարար իրավունքների ոտնահարումը կարող է հանգեցնել համամարդկային մեծ ընտանիքի միասնության քայքայմանը: 

«Ընտանիքը` հասարակությունն է մանրակերտ ձևի մեջ, որի ամբողջականությունից է կախված ամբողջ մարդկային մեծ հասարակության անվտանգությունը». Ադլեր

Ընտանիքի միջազգային օրը նշվում է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում: Դեռևս 2011թ. փետրվարի 9-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր:

«Ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը». Բալզակ

Հ.Գ. Մեր կյանքում արժեքներ կան, որոնք անբեկանելի են, մեր կյանքում կյանքեր կան, որոնք անփոխարինելի են: Կյանքեր, որոնք մեզ թևեր են տալիս, կյանքեր, որոնք ջերմացնում են, չեն թողնում մրսենք...Հաճախ մենք վախենում ու խուսափում ենք արտահայտվել, ասել, թե ինչքան ենք սիրում մեր ծնողներին, երեխաներին: Այսօր լավ առիթ է... Պարզապես ամուր գրկեք իրար ու ասեք. «Ես քեզ սիրում եմ մամ, պապ, աղջիկս, տղաս...»: