Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 24-05-2019
Վլադիմիր Պոզները վարպետության դաս անցկացրեց Սլավոնական համալսարանում
Հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները մայիսի 23-ին վարպետության դաս անցկացրեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Վարպետության դասը փակ ձևաչափով էր, նախատեսված էր միմիայն ուսանողների համար:

Միջոցառման սկզբում Պոզները հանդես եկավ ներածական խոսքով, ինչպես նաև պատասխանեց հանդիպմանը ներկա ուսանողների հարցերին: Ասաց, որ ծնվել է Ֆրանսիայում, մեծացել ԱՄՆ-ում, իսկ 19 տարեկանում տեղափոխվել է ԽՍՀՄ: Իրեն ավելի շատ ֆրանսիացի է համարում, մի քիչ էլ ամերիկացի, բայց ռուս՝ ոչ: Միայն 17-ում է ռուսերեն սովորել: 

Նշեց, որ իր լրագրողական գործունեությունը սկսել է դեռևս ԽՍՀՄ ժամանակաշրջանում, իսկ այդ ժամանակ լրագրություն չկար. կար միայն քարոզչություն, և ինքը սկզբում միայն քարոզչությամբ էր զբաղվում: Եվ նա հավատացել է, որ ճիշտ է վարվել: Կամաց-կամաց այդ հավատն անհետացավ, և ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի հայտնվելուն պես ամեն ինչ փոխվեց. Պոզները սկսեց զբաղվել լրագրությամբ: 

Մերօրյա ռուսական լրագրությանն անդրադառնալով էլ ասաց՝ ՌԴ-ում լրագրող լինելը բարդ է.կա՛մ նյութերդ գրելիս պետք է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից լինես, կա՛մ նրա դեմ: 

Առանձնահատուկ շեշտեց՝ շատերը կարծում են, որ լրագրությունը բավականին գլամուռ մասնագիտություն է, բայց իրականում այդպես չէ.այն բավականին վտանգավոր է: Մյուս կողմից՝ շատերը կարծում են, որ լրագրողները շատ գումար են ստանում, բայց Պոզների խոսքով՝ միշտ չէ, որ այդպես է: Երիտասարդներին խորհուրդ տվեց այլ բանով զբաղվել, հետո անցնել լրագրության՝ հասկանալու, թե ինչու են ուզում լրագրող լինել: 

Ի դեպ, Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը հայերեն է թարգմանվել, ինչի առթիվ լրագրողը շատ ուրախ էր: Գործը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն լեզվով։ ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնաց «The New York Times» թերթի բեսթսելերների շարքում: Երկար սպասումից հետո միայն` 2012-ին, հեղինակի կարծիքով, եկավ «Հրաժեշտ պատրանքներին» գրքի ռուսերեն տարբերակի հրատարակման ժամանակը: Իսկ 2019-ին «Օրակուլ» հրատարակչության շնորհիվ այն կարող են ընթերցել նաև հայերեն:

Պոզներն անդրադարձավ նաև Հայաստանի հետ սերտ կապերին: Հիշեց առաջին տիկնոջը, ով ազգությամբ հայ է, սերում է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի սերնդից: Թեպետ կնոջից բաժանվել է, բայց ջերմ հարաբերություններ ունեն: Հայաստան առաջին անգամ եկել է Ցեղասպանության 50-րդ տարելիցին: Ասում է՝ Հայաստանը ողբերգական երկիր է, բազմիցս նվաճվել է բազում կայսրությունների կողմից: Բայց շատ գեղեցիկ երկիր է, մարդիկ այստեղ շատ ջերմ են, դրական, իսկ հայերի հետ կապը շատ սերտ է:

Հայ-ռուսական համալսարանում անցկացված հանդիպումից հետո «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Պոզների գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որի ընթացքում լրագրողը ևս պատասխանեց հարցերի ու մակագրեց իր գրքերը: