Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-05-2019
Մասնագիտություններ, որոնք այլևս գոյություն չունեն
Եթե դուք ամենայն պատասխանատվությամբ կատարում եք, օրինակ, հաշվապահի, թարգմանչի, իրավախորհրդատուի աշխատանքը, ձեր մտքով դժվար թե անցնի, որ մի օր այդ մասնագիտությունները մարդկանց այլևս անհրաժեշտ չեն լինի: Տարիներ առաջ մարդ-զարթուցիչները, առնետ որսացողները, մեքենագրուհիները դժվար թե պատկերացնեին, որ այն ինչ իրենք են անում, այսօր արժանանում է թեթև ժպիտի:
Անցյալի մասնագիտություններ, որոնք այլևս գոյություն չունեն: 

Մարդ զարթուցիչ

Այս մասնագիտությունը տարածված է եղել Մեծ Բրիտանիայում մինչև 1970-ական թվականները: Մարդ-զարթուցիչները արթնացրել են մարդկանց՝ մահակով թակելով նրանց պատուհաններին: «Իսկ ո՞վ էր արթնացնում մարդ-զարթուցիչներին»: Պարզվում է՝ ոչ ոք. այդ մարդիկ քնում էին ցերեկը, իսկ գիշերը մնում էին արթուն:

Մեքենագրուհի
 
Այս մասնագիտությունը անհետացել է 1990-ական թվականներին, երբ գրամեքենաների տեղը զբաղեցնելու եկան համակարգիչներն ու տպիչները: Սակայն 30 տարի առաջ մեքենագրուհիներ կային բոլոր հաստատություններում: Նրանք օրվա ընթացքում տպագրում էին տասնյակ ձեռագիր թերթիկներ և իրավունք չունեին սխալվելու, հակառակ դեպքում ստիպված կլինեին տպագրել ողջ թերթը կրկին:

Լապտերավառ
 
1417 թվականին Լոնդոնի փողոցներում քաղաքապետ Հենրի Բարտոնի հրամանով հայտնվեցին առաջին քաղաքային լամպերը: Մարդիկ ստիպված էին լույսը վառել և մարել ձեռքով, լցնել տաք հեղուկը և ժամանակին մաքրել լամպերը: Այս պահանջարկն առաջացրեց լապտերավառների մասնագիտությունը: Մինչև 19-րդ դարը կային հատուկ մասնագետներ, ովքեր վառում էին լապտերները:

Մարդ-համակարգիչ

Մինչև համակարգիչների ստեղծումը, այդ դերը կատարում էին կանայք: Կանանց հաշվիչ թիմերը մասնակցում էին  խոշոր ինժեներական կառույցների նախագծմանը, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զենքի մշակմանը և առաջին էլեկտրոնային հաշվիչ սարքերի ծրագրավորմանը:

Առնետ որսացողներ 
 
Առնետ որսացողները տարիներ առաջ փրկել են քաղաքների բնակիչներին այս վտանգավոր կրծողներից և դրանց միջոցով տարածվող վարակներից:

Հրավիրված դասախոս գործարաններում

Գործարանների աշխատողները, բանվորները հաճելի ժամանացի համար ունեցել են հրավիրված դասախոս, ովքեր այցելելով գործարաններ, բարձրաձայն կարդացել  են նորություններ և գրական ստեղծագործություններ:

Սառցահատ

Այս մասնագիտությունը գործել է մինչև սառնարանների ստեղծումը: Սառցահատները սառույցը կտրում էին և տեղադրում մթերքը պահելու համար նախատեսված հատուկ արկղերում:

Ժանտախտի բժիշկ

Այս վտանգավոր մասնագիտությունը եղել է մինչև ժանտախտի հաղթահարումը: Մարդիկ համաձայնում էին ժանտախտով հիվանդներին խնամել բարձր աշխատավարձի դիմաց:

Անպետք իրերի գնորդ

Այս մասնագիտությունն աղբահավաքի նախատիպն է եղել. մարդիկ շրջում էին բնակավայրերում և հավաքում անպետք իրեր՝ դրանցից ինչ-որ նոր բան ստանալու նպատակով:

Դե ինչ, եթե մի օր ձեր մասնագիտությունն էլ հայտնվի անհետացածների շարքում, պետք չէ հուսահատվել. նշանակում է, որ աննախադեպ առաջընթաց է ապրում գիտությունն ու տեխնոլոգիան՝ իր հետ բերելով նոր մասնագիտություններ: