Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 28-05-2019
Հարյուրավոր անցորդներ ծանոթացան ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերին
Այս տարի Եվրոպայի օրվա շրջանակներում հայաստանցիները ևս մեկ անգամ հնարավորություն ունեցան ծանոթանալու Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին և ոլորտներին:

Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակության կողմից արդեն բարի ավանդույթ է դարձել Հայաստանում ամեն տարի «Եվրոպայի օրեր» կազմակերպելը: Այս տարի՝ մայիսի 26-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ տեղեկատվական ցուցահանդես, որի առանցքային նպատակներից մեկը ԵՄ ընթացիկ ծրագրերը երիտասարդներին ներկայացնելն էր: 

Հատուկ այդ օրվա կապակցությամբ ներկայացված տաղավարներում այցելուները ծանոթացան ԵՄ օժանդակությամբ իրականացվող նախագծերին, որոնք գործում են տարբեր ոլորտներում՝ կրթություն, բիզնեսի զարգացում, երիտասարդական ծրագրեր, մշակույթ, բնապահպանություն և այլն:       

«Այսօր ներկայացված են ԵՄ-ի կողմից ֆինանսավորված նախագծերը: Ունենք նաև տարբեր վրաններ, որտեղ ներկայացվում են, թե ինչ ծրագրեր է իրականացնում ԵՄ-ն և ինչ հնարավորություններ կարող են ունենալ երիտասարդները: Ներկայացված են նաև հասարակական կազմակերպություններ: Այս օրվա շրջանակներում ունեցել ենք նաև միջոցառումներ մարզերում, սակայն ժողովուրդը շատ ավելի ակտիվ է և մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Երևանում»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց Եվրոպայի օրվա միջոցառման կազմակերպիչներից Վերգինե Սիմոնյանը: 

Տեղեկատվական ցուցահանդեսի շրջանակում առանձին տաղավարներում ներկայացված էին մի շարք երկրներ: Անցորդները հնարավորություն ունեին ծանոթանալու Հունաստանում, Շվեդիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Գերմանիայում և այլ երկրներում ուսումը շարունակելու, փոխանակման ծրագրերին մասնակցելու, աշխատելու զանազան ծրագրերի:  

Եվրոպայի օրվա տոնակատարությունը Երևանում ամփոփվեց երեկոյան համերգային ծրագրով: 

Պատկերասրահ՝ Եվրոպայի օր - 2019