Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Սուսաննա Կոստանյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 28-05-2019
Սուսաննա Կոստանյան. Միայն աշխատասիրությամբ կարող ես հասնել հաջողության
Eritasard.am-ի «Հաջողության գրավականը» շարքում շարունակում ենք բացահայտել տաղանդավոր երիտասարդների, որոնք երիտասարդ տարիքում արդեն մի շարք հաջողություններ են գրանցել: Այս անգամ խորագրի հյուրը` Սուսաննա Կոստանյանն է: Իսկ թե որ ոլորտներում է գործունեություն ծավալում մեր հյուրը, կպատմի ինքը` Սուսաննան:

Մասնագիտության ընտրություն, զուգահեռ` աշխատանքային գործունեություն…

Մասնագիտությամբ տնտեսագետ-ֆինանսիստ եմ: Անկեղծ ասած` միշտ ցանկացել եմ փաստաբան դառնալ, սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։ Այնպես ստացվեց, որ այդ շրջանում սկսեցի աշխատել: 17 տարեկան էի, երբ աշխատանքի ընդունվեցի «Հրազդան» տոնավաճառում` որպես գործավար, այնուհետև` հաշվապահ: Աշխատելուն զուգընթաց որոշեցի նաև բարձագույն կրթություն ստանալ, որպեսզի ամրապնդեմ գիտելիքներս և կարողանամ լիարժեք մասնագիտանալ աշխատանքում: Ընդունվեցի համալսարան` հեռակա: Եթե անկեղծ, ապա երբեք չէի կարող մտածել, որ երբևէ կարող է ընտրեմ տնտեսագետի մասնագիտությունը: 8 տարի աշխատեցի «Հրազդան» տոնավաճառում, սակայն լուծարման պատճառով աշխատանքս այնտեղ դադարեցվեց: Իրականում, կյանքիս այդ շրջանը` սովորելու և աշխատելու, շատ կարևոր էր, քանի որ կարողացա  գիտելիք և փորձ կուտակել:

Աշխատանքային գործունեությունը` վարսահարդարման ոլորտում…

16 տարեկանից սկսել եմ նաև գործունեությունս վարսահարդարման ոլորտում: Կարճ ժամանակում կարողացա սովորել և շահել մեծ թվով հաճախորդների վստահությունը: Մոտ 10 տարի զբաղվել եմ վարսահարդարի աշխատանքով ևս: Սակայն, ամուսնանալուց հետո գործունեությունս սկսեցի ծավալել նեղ շրջանակում` մտերիմներիս: 

 


Մատնահարդարումը` որպես երրորդ մասնագիտություն…

28 տարեկան էի, երբ սկսեցի հետաքրքրվել մատնահարդարմամբ: Մշտապես տարբեր նկարներ էի նայում համացանցում, ուսումնասիրում` հատկապես այն աշխատանքները, որոնք մանրանկարչություն էին հիշեցնում: Սկսեցի մտածել` արդյոք ես կկարողա՞մ նման աշխատանքներ ստեղծել: Ի վերջո, որոշեցի փորձել: Սկսեցի սովորել: Սակայն, իրականում, շատ կարևոր դետալներ, քայլեր գործնականում` աշխատանքիս ընթացքում եմ սովորել: 

Մատնահարդարումը ես նկարչությանն եմ նմանեցնում: Իսկ նկարչությունը մանկուց եմ սիրել: Այն հնարավորություն է տալիս պատկերացումներն ու գաղափարները ներկայացնել յուրահատուլ մոտեցմամբ, ավելին` ստեղծել քոնը, քո ձեռագիրը: 

Մտավախություններն ու դրանց հաղթահարումը…

Անկեղծ ասած` մտավախություն կար, թե արդյոք կկարողանամ այս ոլորտում իմ տեղը գտնել, քանի որ գաղտնիք չէ, որ մատնահարդարի մասնագիտությունը հիմա շատ է տարածված: Սակայն, կարծում եմ, որ ցանկացած ոլորտում էլ կան շատ մասնագետներ: Անգամ պահ եկավ, երբ մտածում էի, որ գուցե իզուր որոշեցի զբաղվել այս գործով, սակայն հասկացա, որ, եթե ոլորտում ունենամ իմ աշխատելաոճը, իմ ձեռագիրը, ապա անշուշտ կկարողանամ գտնել իմ տեղը: Եվ արդեն հիմա` 3 տարի անց, կարող եմ ասել, որ այդպես էլ եղավ: 

Դեպի երազանք` սեփական ստուդիայի հիմնում…

Որոշ ժամանակ տարբեր սրահներում աշխատելով`հասկացա, որ ուզում եմ ունենալ իմ սեփական աշխատանքային վայրը, ինչի մասին վաղուց էի երազում: Ամուսնուս աջակցությամբ երազանքս իրականացրի. արդեն 1  տարի է, ինչ աշխատում եմ իմ հիմնած «AS» մատնահարդարման ստուդիայում, որի անվան տառերն իմ և ամուսնուս անունների առաջին տառերն են: 



Գիտելիքների փոխանցում` որպես վերապատրաստող...

1 տարի առաջ էր, երբ միտք ծագեց արդեն փորձով կիսվելու` հանդես գալու որպես վերապատրաստող: Երիտասարդ մի աղջիկ, ով համացանցով իմ էջն էր տեսել, ցանկություն հայտնեց սովորելու մատնահարդարման արվեստը: Մտածեցի` իսկ ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ չկիսվեմ իմ փորձով, գիտելիքով: Եվ այդպես սկսվեցին վերապատրաստման դասերը: Անկեղծ ասած` խիստ ուսուցիչ եմ, պահանջկոտ, սակայն աշակերտներս երբեք չեն դժգոհել այդ փաստից, քանի որ հասկացել են, որ ամեն նկատողություն իրենց օգտին է: 2 ամիս տևող վերապատրաստման լավագույն գնահատականը նրանց հանձնվող վկայականներն են: Արդեն 7 աշակերտ եմ ունեցել, որոնց աշխատանքները տեսնելիս հպարտանում եմ և ուրախանում: 
 


Սոցիալական էջերի վարող...

Բոլորս լավ հասկանում ենք, որ այսօր սոցիալական ցանցերը մեծ դեր են կատարում մեր կյանքում և մարդիկ տեղեկացվում են հենց դրանց միջոցով: Որոշեցի ունենալ սոցիալական էջեր, որպեսզի կարողանամ աշխատանքներս ներկայացնել, որպեսզի ունենամ հաճախորդներ: Էջերս ինքս եմ վարում` Instagram-ում և Facebook-ում: Կարևորում եմ յուրաքանչյուր նամակ, մեկնաբանություն, լայք: Աշխատում եմ դրանք անպատասխան չթողնել: Սոցիալական ցանցերն իմ աշխատանքի մի մասն են կազմում: Շատ ուրախանում եմ, երբ բարձր գնահատանքի նամակներ եմ ստանում, անգամ` արտերկրի մասնագետներից: 

Աշխատանքի կարևոր դետալները...

Առհասարակ մատնահարդարի աշխատանքում կարևոր են ոչ միայն մասնագիտական կարողությունները, այլ նաև այն տեխնիկան որով աշխատում է: Հիգիենայի պահպանումը գործի կարևոր մասն է կազվում: Այդտեղից է սկսվում հաճախորդի վստահությունը քո հանդեպ: 

Բնավորության գծեր, որոնք անհրաժեշտ են աշխատանքում...

Երբեք չեմ ընկճվել, երբ հաճախորդն ինձնից ավելին  է պահանջում: Յուրաքանչյուր հաճախորդի պահանջկոտություն քեզ ստիպում է էլ ավելիին ձգտել, նոր գաղափարներ ստեղծել: Երբեք չեմ ասում, որ չեմ կարող ինչ-որ բան անել: Եթե ընտրում ես որևէ մասնագիտություն, աշխատանք, ապա պետք է ձգտես անել առավելագույնը: Աշխատանքում կարևոր է համբերատարությունը, հավասարակշռությունը, դաստիարակվածությունը: Սրանք կարևոր նախապայման են գործում և առհասարակ, բոլոր բնագավառներում: Պետք է հաշվի առնել որ մարդիկ իրենց բնույթով տարբեր են, ուստի պետք է փորձել անհատական մոտենալ: Քանի որ անիմաստ նյարդայնանալը կամ լարվելը միայն կվնասի  ինքդ քեզ: 
 


Երիտասարդների և ավագ սերնդի նախընտրության և թրենդային գույների մասին...

Հաճախորդների տարիքային շեմն ու նախընտրությունները տարբեր են` 18-ից մինչև անգամ 60-ն անց հաճախորդներ ունեմ:  Երիտասարներն առավել շատ եղանակային տրամադրությամբ են առաջնորդվում: Եթե գարուն է կամ ամառ, ապա բաց, նուրբ գույներ, իսկ աշնանն ու ձմռանը` ավելի մուգ երաներ: Ի տարբերություն երիտասարդների` տարիքով կանայք նախընտրում են շատ փայլեր, մուգ երանգներ:

Այս տարվա թրենդային գույների շարքում պետք է վառ դեղինն առանձացնեմ, ինչպես նաև բաց կապույտի, վարդագույնի երանգները: 

Եթե լինում է ազատ ժամանակ...

Ազատ ժամանակս բացառապես ընտանիքիս եմ նվիրում: Տղայիս և ամուսնուս հետ միշտ Հայաստանի տեսարժան և պատմական վայրեր ենք այցելում: Ես ինքս հանգստի նման տարբերակն եմ նախընտրում: Հատկապես սիրում եմ պատմական եկեղեցիներ այցելել: Ոչ միայն կարողանում եմ ընտանիքիս հետ ժամանակ անցկացնել, այլ նաև հոգևոր սնունդ ստանալ: 



Ընթերցանություն...

Սիրում եմ նաև ընթերցել: Ընթերածս վերջին գիրքը քույրիկիս` Տաթև Կոստանյանի (Տա Թևեր) հեղինակած «731 օր քեզ համար» գիրքն է: 2 տարի առաջ է գրվել, սակայն նոր է տպագրել: Չափազանց հուզիչ, զգացմունքային գիրք է, մեկ շնչով կարդացվող: Ես ուրախ եմ նաև քրոջս հաջողություներով: Առհասարակ մենք քույրիներով, եթե որևէ նպատակ ունենք, ապա փորձում ենք հասնել դրան` մեր ձգտումներով, աշխատասիրությամբ և ամենակարևորը` գեղեցիկ ճանապարհով: 

Հաջողության գրավականը...

Խելքն ու աշխատասիրությունը... Ամեն ասպարեզում ոտք դնելով` միշտ պատվով եմ դուրս եկել: Կյանքումս չի եղել մի մասնագիտություն, որ ընտրել եմ, բայց կիսատ եմ թողել, միայն նրա համար, որ լավ չեմ դրսևորվել… Ո'չ, այդպես երբեք չի եղել: Աշխատանքային գործունեությանս ընթացքում` գործավարի, հաշվապահի, վարսահարդարի, մատնահարդարի, հասկացել եմ, որ միայն աշխատասիրությամբ ու ձգտումով կարող ես հասնել հաջողության: