Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Էմմա Մաթևոսյանի
Տեղադրվել է 29-05-2019
Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է
Այսօր Խաղաղապահների միջազգային օրն է: Խաղաղապահի օր հռչակելու մասին որոշումը Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) կայացրել է 2002 թ. դեկտեմբերի 11-ին:

Հայաստանի Հանրապետությունը խաղաղապահ առաքելությանը միացել է 2001թ.-ին, իսկ անմիջական մասնակցություն է ունեցել սկսած 2004 թվականից: 

ՄԱԿ-ի խաղաղապահությունը կենսական անհրաժեշտություն է գլոբալ խաղաղության և անվտանգության համար: 

Խաղաղարար առաքելություն իրականացնելիս հայ զինծառայողները մշտապես պարգևատրվել են: Նրանց ծառայությունը բարձր է գնահատվել գործընկերների կողմից: Բազմիցս նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունն անվտանգության սպառողից վեր է ածվել միջազգային անվտանգություն ապահովող երկրի:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել ուղերձով: 

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում ավելի քան մեկ միլիոն տղամարդկանց և կանանց, ովքեր 1948 թ. մեր առաջին առաքելությունից ի վեր եղել են ՄԱԿ-ի խաղաղապահներ։ Մենք հիշում ենք ավելի քան 3.800 գործընկերների, ովքեր կյանքով են վճարել։ Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում այսօր աշխարհի շուրջ 100 հազար քաղաքացիական, ոստիկանական և ռազմական խաղաղապահների, ինչպես նաև՝ այն երկրներին, որտեղից սերում են այս խիզախ և նվիրված կանայք ու տղամարդիկ»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: