Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 31-05-2019
Երևանի Թումանյանի այգում նշեցին Համբարձման տոնը
Ժողովրդական սովորույթներով ու տոնախմբությամբ մայիսի 30-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները Երևանի Թումանյանի այգում նշեցին Համբարձման տոնը:
Ուրախ երգ ու պար, տոնախմբություն` համեմված ժողովրդական սովորույթներով:

Eritasard.am-ի հետ զրույցում Թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը նշեց, որ թեմի երիտասարդներն արդեն մի քանի տարի է, ինչ ստանձնել են հայկական ազգային տոները վերականգնելու առաքելությունը: Եվ ամեն տարի նոր խմբեր ու կազմակերպություններ են միանում տոնախմբությանը:

«Տոնը ոչ միայն եկեղեցում ենք նշում պատարագների միջոցով, այլև դուրս ենք հանում մարդկանց համար: Սա հրաշալի առիթ է ժողովրդին նորից վերադարձնել իր ակունքներին ու ինքնությանը:

Ազգային եկեղեցական տոների հետ կապված  շատ հարուստ գանձեր ունենք: Դրանք ազգային ինքնության շենքի անկյունաքարերն են, որոնք եթե հանենք, շենքը կփլուզվի»,-ասաց նա:

Համբարձման տոնը ժողովրդի մեջ հայտնի է նաև «Վիճակ» և «Ջանգյուլում» անուններով: Ժողովրդական ավանդությամբ` տոնի ժամանակ կատարվում է վիճակահանություն՝ «պարզելու», թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Այս սովորությունը Նոր Կտակարանի այն դրվագի հիշատակումն է, որտեղ առաքյալները վիճակ են գցում դավաճան Հուդայի փոխարեն 12-րդ առաքյալ ընտրելու համար. վիճակն ընկնում է Մատաթիային: 

Համբարձման տոնը մեծ ժողովրդականություն է վայելել հնում:

Պատկերասրահ՝ Համբարձման տոնը Երևանի Թումանյանի այգում