Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-06-2019
«Էլեկտրոնային» թույն. ինչո՞վ է վտանգավոր այլընտրանքային ծխախոտը
Ինչո՞վ է էլեկտրոնային ծխախոտը տարբերվում սովորականից, ի՞նչ վտանգներ է սպառնում, ի՞նչ են կարծում բժիշկները և ի՞նչ արձագանքներ կան աշխարհում՝ ավանդական ծխախոտի այլընտրանքային տարբերակի վերաբերյալ:

Էլեկտրոնային ծխախոտները ստեղծվել են 2004 թվականին Հոնկոնգում: Գլխավոր տարբերությունը սովորական ծխախոտից այն է, որ ծխողը ներշնչում է ոչ թե ծուխ, այլ եռացող հեղուկի գոլորշին: Սրանով էլեկտրոնային ծխախոտները նմանվում են կալյանի կամ նարգիլեի՝ մեկ կամ ավելի ձողեր ունեցող ծխելու սարքի` ներշնչվող ծուխը ֆիլտրելու և սառեցնելու հարմարանքով։ 

Ֆիլտրի դեր է կատարում ջրով, գինով կամ այլ հեղուկով ամանը: Էլեկտրոնային ծխախոտները լիցքավորում են հատուկ հեղուկով, որը կարող է պարունակել նիկոտին, իսկ հեղուկը տաքանում է սարքում տեղադրված մարտկոցի միջոցով: 

Այսօր էլեկտրոնային ծխախոտները լինում են երեք ձևի՝ IQOS և Glo տիպի ծխախոտի տաքացման համակարգով, բաց համակարգեր՝ նրանցում օգտագործողը ինքնուրույն  կարող է հեղուկ ավելացնել և փակ համակարգով՝ էլեկտրոնային ծխախոտներ, որոնց համար վաճառվում են հատուկ պատրաստի քաթրիջներ: 

Մարդիկ, որոնք ցանկանում են թողնել ծխելը, հաճախ էլեկտրոնային ծխախոտներ օգտագործելը դիտարկում են որպես անցումային շրջան՝ ծխախոտից լիովին հրաժարվելուց առաջ: Մեծանում է նաև նրանց թիվը, ովքեր նոր են սկսում ծխելը և միանգամից սկսում են օգտագործել էլեկտրոնային ծխախոտ: Էլեկտրոնային ծխախոտները հայտնի են հատկապես երիտասարդների և դեռահասների շրջանում:

Բժիշկների կարծիքը

2014 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակեց զեկուցում, որտեղ հայտնում էր անհանգստություն էլեկտրոնային ծխախոտների օգտագործման աճի վերաբերյալ: Բանն այն է, որ դեռ չկան հետազոտություններ, որոնք կապացուցեն, որ էլեկտրոնային ծխախոտները անվնաս են, կամ գոնե համեմատաբար վնասակար չեն, քան սովորականները, ինչի մասին հայտարարում են արտադրողները: Սակայն արդեն անցկացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները փաստում են վեյպերի հեղուկի վնասակար լինելը: Լավագույն դեպքում, այդ հեղուկը բաղկացած է գլիցերինից, պրոպիլեն գլիկոլից, բուրավետ հավելումներից և երբեմն նիկոտինից, իսկ վատագույն դեպքում՝ անհայտ է, թե ինչ է այն պարունակում, քանի որ շատերը պատրաստում են այն ինքնուրույն և չեն նշում բաղադրությունը: Անգամ եղել են մահացության դեպքեր: Oրինակ՝ Թաթարստանում, երբ դպրոցականը մահացել է թունավորումից՝ ծխելով ծխախոտ, հետո էլ՝ վեյպ: 

Արտադրողները նշում են, որ էլեկտրոնային ծխախոտները համեմատաբար ավելի քիչ վնաս են հասցնում առողջությանը, քանի որ չեն վառվում, իսկ գոլորշու առաջացման դեպքում էլ՝ քաղցկեղային քիմիական նյութեր չեն արտադրում: Սակայն, հարկ է նշել, որ նիկոտինը կախվածություն է առաջացնում անգամ գոլորշու հետ և նիկոտինի առաքումը օրգանիզմ, թեկուզ այլ ճանապարհով, չի բացառում քաղցկեղով հիվանդանալու վտանգը:

Հավելենք, որ էլեկտրոնային ծխախոտները մեկ այլ վտանգ էլ են թաքցնում իրենց մեջ: Եթե այն օգտագործեն մեկ ուրիշի հետ, իսկ դա շատ դեպքերում այդպես է լինում, վարակ ձեռք բերելու վտանգ կա, սարքն էլ կարող է պայթել մարտկոցի գերծանրաբեռնվածությունից:



Էլեկտրոնային ծխախոտի հանդեպ վերաբերմունքը աշխարհում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարծիքով՝ էլեկտրոնային ծխախոտներն ու վեյպերը սովորական ծխախոտի այլընտրանք չեն, քանի որ դրանք ևս կախվածություն են առաջացնում, այդ թվում նաև հոգեբանական: Կազմակերպությունը դեռևս 2014 թվականին կոչ էր անում հավասարեցնել էլեկտրոնային ծխախոտները սովորական ծխախոտներին և համապատասխան սահմանափակումներ սահմանել: 

Որոշ եվրոպական երկրներ արդեն արել են դա: Օրենքի տեսանկյունից Իսպանիայում, Լատվիայում, Մալթայում, Սերբիայում, Սլովակիայում, Ֆրանսիայում վեյպ ծխելը չի տարբերվում ծխախոտ ծխելուց: Վեյպի օգտագործումը արգելված է ինքնաթիռներում՝ համաշխարհային գրեթե բոլոր ավիաընկերություններում:  

ԱՄՆ-ում յուրաքանչյուր նահանգ ինքն է սահմանափակումներ դնում էլեկտրոնային ծխախոտի օգտագործման վերաբերյալ: Օրինակ՝ Կանադայում, Ավստրիալիայում և Լատինական Ամերիկայում արգելված է ցանկացած ձևի էլեկտրոնային ծխախոտ վաճառելը կամ պահելը, անգամ եթե դուք զբոսաշրջիկ եք և մուտք եք գործում քաղաք: 

Մոսկվայում, Մոսկվայի տարածաշրջանում և Սանկտ Պետերբուրգում 2017, 2018 և 2019 թվականներին համապատասխանաբար ընդունել են օրենք, ըստ որի արգելվում է վեյպի վաճառքը անչափահասների շրջանում: 

Ամենախիստ արգելքը էլեկտրոնային ծխախոտների համար գործում է Թայլանդում և, որքան էլ տարօրինակ հնչի՝ հենց էլեկտրոնային ծխախոտների գյուտի հայրենիքում՝ Հոնկոնգում: Այնտեղ վեյպ ծխախոտի ներմուծման կամ պահեստավորման համար կարելի է մեծ տուգանք ստանալ, կամ էլ ազատազրկում՝ երկու տարի ժամկետով: 

Աղբյուրը՝ NTV.ru