Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-06-2019
Ո՞վքեր են ավելի խելացի՝ կանայք, թե՞ տղամարդիկ
Պերմի 4-րդ գիմնազիայում ընդունելության քննությունների համար տղաների անցողիկ թվանշանը ավելի ցածր է սահմանվել, քան աղջիկներինը:

Աղջիկների ծնողները բողոքել են, ինչին ի պատասխան հաստատության տնօրենը պատասխանել է՝ դա հատուկ է արվել, որ պահպանվի գենդերային հավասարությունը, քանի որ տղաները ավելի դանդաղ են զարգանում: Իրարանցում սկսվեց սոցիալական ցանցերից մինչև տեղական ԶԼՄ-ներ, գործը անգամ հասավ դատախազություն: Այս հարցի շուրջ բանավեճերը շարունակվում են…

Ավելի մեծ՝ նշանակում է ավելի խելացի՞

Տղամարդու ուղեղը 8-ից 13 տոկոսով մեծ է կնոջ ուղեղից: Նիդերլանդների, Շվեդիայի և ԱՄՆ-ի գիտնականները, ուսումնասիրելով մի քանի հարյուր մարդկանց տվյալներ, պարզեցին, որ տղամարդկանց ինտելեկտի մակարդակը միջինում բարձր է, քան կանանց մոտ: 

Հետազոտությունների արդյունքում ունակությունները չափվել են IQ թեստով, ուղեղի չափսերը՝ մագնիսառեզոնանսային շերտագրությամբ: Սակայն դա բնավ էլ չի նշանակում՝ մեծ է, ուրեմն խելացի է: Նշենք նաև, որ նման պատասխանի են հանգել ինչպես կանադացի գիտնականները, որոնք համեմատել են դպրոցականների ավարտական գնահատականները, այնպես էլ բրիտանացի հետազոտողները՝ վերլուծելով 12-ամյա չինացի դեռահասների IQ-ները: 

Այնուհանդերձ՝ նորզելանդացի մասնագետները փաստել են, որ վերջին 100 տարիների ընթացքում, երբ կանայք իրավունք են ստացել տղամարդկանց հետ հավասար կրթություն ստանալու, նրանց ինտելեկտի աստիճանը բավականին բարձրացել է, անգամ շատ երկրներում տարբեր սեռերի IQ-ները հավասարվել են: Հետազոտողները ենթադրում են, որ դա կապված է կնոջ ունակության՝ բարդ կարիերան և ընտանեկան կյանքը համատեղելու հետ: 

Մտավոր ունակությունների վրա լրջորեն ազդում են սոցիալական կարծրատիպերը: Այդ իսկ պատճառով, քաղաքակրթությունների զարգացման ինտելեկտուալ ներդրումը գնահատելիս պետք է չմոռանալ՝ ամբողջ մարդկության պատմության մեջ շատ մշակույթներում կարծում էին, որ կանայք ավելի հիմար են, քան տղամարդիկ:

Ուղեղի չափսերը նշանակություն չունեն

«Ուղեղի չափսերը ուղղակիորեն կապված չեն խելացիության և ունակությունների հետ»,- նշել են ավստրիացի և գերմանացի գիտնականները: 8.000 մարդու ուղեղի պատկերները հետազոտելուց հետո նրանք պարզեցին, որ ուղեղի հարաբերակցությունը IQ-ի հետ շատ թույլ է: Ինտելեկտի համար կարևոր է ուղեղի կառուցվածքն ու նրա ամբողջականությունը, իսկ նրա ծավալը՝ մեկն է այն բազմաթիվ մեխանիզմներից, որն ինչ որ ճանաչողական գործառույթ է իրականացնում: Այստեղից, կարող ենք եզրակացնել, որ ուղեղի չափսը ոչ մի կապ չունի մարդու խելացիության հետ: 

Բացի այդ, վճռորոշ դեր են կատարում նաև ուղեղի շրջանում կապերը նյարդային բջիջների միջև: Մադրիդի և Կալիֆորնիայի համալսարանների գիտնականները, հետազոտելով ուղեղի այն հատվածը, որը կապված է հիշողության կենտրոնացման և զգացմունքներ ձևավորելու հետ, նկատեցին, որ  տղամարդկանց մոտ այն համեմատաբար ավելի մեծ է: Սակայն երկու սեռերի կամավորները ինտելեկտի վերաբերյալ թեստերում դրսևորեցին գրեթե միանման արդյունք: 

Իսկ ի՞նչ կապ ունեն հորմոնները

Այնուամենայնիվ՝ գիտնականները նշում են տղամարդու և կնոջ ինտելեկտների տարբերությունը: Ուժեղ սեռի մոտ լավ է զարգացած  տարածական մտածողությունը: Ինչպես փաստում են Չիկագոյի համալսարանի հետազոտողները՝ կաթնասունների արական տեսակները ավելի արագ են լուծում տարածքում կողմնորոշվելու խնդիրները: Հետևաբար՝ կարող ենք փաստել, որ ամբողջ խնդիրը սեռական հորմոնների մեջ է: Գարնանը, երբ նրանց արյան մեջ սեռական հորմոնները ավելի քիչ են, տղամարդիկ ավելի լավ են հաղթահարում այն փորձությունները, որոնք կապված են տարածքում կողմնորոշվելու հետ, քան աշնանը, երբ նրանց օրգանիզմում թեստոստերոնը ավելի շատ է: 

Բայց այնուամենայնիվ կա մի հորմոն, որը կարելի է անվանել ինտելեկտի հորմոն: Դա դոֆամինն է: Մարդու ուղեղում երեք անգամ ավելի շատ է արտադրվում դոֆամին: Միջազգային հետազոտական թիմի կարծիքով, հենց դա այն հորմոնն է, որը կապիկից մարդուն վերածեց բանական մարդու: Գիտնականները ստուգեցին և համեմատեցին  մարդու, շիմպանզեի և մակակայի ուղեղի 16 հատված: Պարզեցին, որ  մարդու ուղեղում դոֆամինը արտադրվում է 3 անգամ ավելի շատ: Հենց այս հանգամանքը, ըստ հետազոտողների, կարող է վճռորոշ լինել մարդու մտավոր ունակությունների ձևավորման ժամանակ:

Աղբյուրը՝ RIA.ru