Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 02-06-2019
«Ես կհաղթեմ».տոնական միջոցառում՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ
Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում և Արյունաբանական կենտրոնի բակում անցկացվել են տոնական միջոցառումներ քաղցկեղը հաղթահարած երեխաների մասնակցությամբ։

Մայիսի 31-ին «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, «Առողջության կամուրջ Արմենիա» բարեգործական հիմնադրամի և պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնական միջոցառում։ «Ես կհաղթեմ» խորագրով երեկոյի շրջանակներում իրականացվեց  հագուստների ցուցադրություն և ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք:

Հագուստների ցուցադրության ընթացքում պրոֆեսիոնալ մոդելների հետ միասին հանդես եկան քաղցկեղից բուժված երեխաները, որոնք կրում են ներկայումս բուժում ստացող երեխաների նկարած նկարների հիման վրա ստեղծված շապիկներ, իսկ ցուցահանդես-վաճառքին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները և դասախոսները ներկայացան իրենց ստեղծագործություններով՝ քանդակներ, կտավներ, կերամիկական աշխատանքներ, գրաֆիկական աշխատանքներ, կարպետներ, հագուստներ, որոնց վաճառքի հասույթի մի մասը կտրամադրվի «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին:

«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ միջոցառումներն անց են կացվում կենտրոնում բուժվող երեխաների համար, որպեսզի նրանք իրենց միայնակ չզգան: Նրա խոսքով՝ իրենք փորձել են ամբողջ օրը նվիրել այստեղ բուժվող երեխաներին, որպեսզի այդ օրվա տոնից անմասն չմնան: Էսթեր Դեմիրճյանը հավելել է, որ դրական հույզերը կարող են նպաստել երեխաների շուտափույթ ապաքինմանը: Ի դեպ, հիմնադրամն այսօր ունի 150-ից ավելի շահառու, որոնց մեջ ոչ միայն երեխաներ են, այլև մինչև 25 տարեկան երիտասարդներ:

Օրը հագեցած էր մանկական նաև այլ զվարճալի միջոցառումներով և բազում անակնկալներով։

Պատկերասրահ՝ «Ես կհաղթեմ»․ տոնական միջոցառում