Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 31-05-2019
«Արարատ-Արմենիան» դարձավ Հայաստանի չեմպիոն
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հաղթողը որոշվեց վերջին տուրում։

Բարձրագույն խմբի առաջնության վերջին՝ 36-րդ տուրի բոլոր հանդիպումները մեկնարկեցին նույն ժամին։ Բացի չեմպիոնության հիմնական հավակնորդ «Փյունիկից» մյուս թիմերը վերջին տուրում հանդիպում ունեին։ Գլխավոր դիմակայությունը, սակայն, կայացավ «Բանանց» մարզադաշտում։

Չեմպիոնության համար պայքար մղող «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր «Բանանցին»։ Միայն հաղթանակը թույլ կտար «Արարատ-Արմենիային» չեմպիոն հռչակվել, մնացած բոլոր դեպքերում չեմպիոն կհռչակվեր Երեւանի «Փյունիկը»։

«Բանանց» - «Արարատ-Արմենիա» հանդիպմանը զուգահեռ Վանաձորում ընթանում էր ոչ պակաս կարեւոր «Լոռի» - «Ալաշկերտ» դիմակայությունը։ Այս խաղի արդյունքն ուղղակի ազդեցություն էր ունենալու «Բանանցի» վրա՝ պայմանավորված լինելով մրցաշարային աղյուսակում թիմերի՝ այդ պահին զբաղեցրած դիրքով։

Վանաձորյան հանդիպման առաջին խաղակեսից հետո «Բանանցի» երկրպագուները կարող էին գոհ լինել իրենց թիմի ցուցադրած ֆուտբոլից եւ ցուցատախտակին վառվող 0-0 հաշվից, քանի որ «Լոռին» հաղթում էր 2-1 հաշվով։ Ընդմիջումից անմիջապես հետո «Լոռին» կարողացավ եւս մեկ գնդակ ուղարկել գործող չեմպիոն «Ալաշկերտի» դարպասը՝ 3-1:

Զուգահեռաբար ընթացող չեմպիոնական խաղում «Արարատ-Արմենիան» հնարավորություն էր ստացել 11 մետրանոց հարված իրացնելու։ Անտոն Կոբյալկոյի հարվածից հետո բացվեց այս խաղի հաշիվը՝ 1-0 հօգուտ «Արարատ-Արմենիայի»։

Հետագայում «Բանանցին» չհաջողվեց խուսափել պարտությունից, իսկ հաղթանակ տոնած թիմը՝ «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի 2018-2019 մրցաշրջանի հաղթող՝ մեկ միավորով առաջ անցնելով մրցաշրջանն ավելի վաղ ավարտած «Փյունիկից»։ Ի դեպ, Վանաձորում ընթացող խաղում «Ալաշկերտը» չկարողացավ փրկել «Լոռիի» հետ խաղը։ Միայն հանդիպման վերջին 91-րդ րոպեին Էդգար Մանուչարյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ 

Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում տեղի ունեցավ մրցաշրջանի ամենագոլառատ խաղերից մեկը։ Հետնապահ «Արարատը» 1-7 հաշվով պարտվեց «Գանձասար-Կապանին»։ Ի դեպ, այս հանդիպման առաջին խաղակեսում Կապանը ներկայացնող թիմը հաղթում էր 5-0 հաշվով։

Տուրի վերջին խաղում էլ միմյանց հետ մրցեցին «Արցախը» եւ «Շիրակը»։ Գյումրին ներկայացնող թիմը չկարողացավ վայրիվերումներով ընթացած ընթացիկ առաջնությունը դրական նոտայի ներքո եզրափակել՝ պարտվելով 2-3 հաշվով։ Հատկանշական է, որ մրցաշրջանի վերջին 36-րդ տուրի չորս խաղում ընդհանուր առմամբ խփվեց 19 գնդակ. միջինում՝ 4.5+ գնդակ յուրաքանչյուր խաղում։ Սա, ինչ խոսք, բավականին տպավորիչ արդյունք է։

Ի դեպ, բարձրագույն խմբի մրցաշարային վերջնական աղյուսակն ունի այսպիսի տեսք.