Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 02-06-2019
«Չելսին» դարձավ «Եվրոպա լիգայի» մրցաշարի հաղթող
ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա լիգայի» մրցաշարի եզրափակիչում կայացած լոնդոնյան դերբիում հաղթողը որոշվեց դիմակայության երկրորդ խաղակեսում։

Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա լիգա» մրցաշարի եզրափակիչ հանդիպումը։ Մրցակիցները միմյանց քաջածանոթ լոնդոնյան երկու թիմերն էին՝ «Չելսին» եւ «Արսենալը»։ Ամենահետաքրքիրն այն էր, որ երկու թիմերը, որոնց մարզադաշտերը Լոնդոնում տեղակայված են ընդամենը 20 կմ հեռավորության վրա, միմյանց դեմ էին դուրս եկել ավելի քան 3000 կմ հեռու՝ Ադրբեջանում։ ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը դեռ երկար կհիշի իրենց որոշումը՝ վստահել Բաքվին մրցաշարի անցկացումը, քանի որ ի հայտ եկան մի շարք խնդիրներ։

Հենրիխ Մխիթարյանի որոշումը չմասնակցել եզրափակիչ խաղին ավելի քան մի քանի շաբաթ դարձավ ամենաքննարկվող թեման Մեծ Բրիտանիայում եւ ամբողջ աշխարհում։ Լոնդոնյան «Արսենալի» երկրպագուները առավել եւս վրդովված էին, քանի որ ոչ միայն ստիպված էին երկար ճանապարհ հաղթահարել Բաքու հասնելու համար, այլեւ չէին կարողանա իրենց թիմի կազմում տեսնել հայ ֆուտբոլիստին։ Մեկ այլ խնդիր էլ հայկական ծագում ունեցող երկրպագուների՝ վիզայի տրամադրման հարցում Ադրբեջանի կառավարության մերժումն էր, ռասիստական դիրքորոշումը։

Անխոս, վերոնշյալից հետո ՈՒԵՖԱ-ն մի քանի անգամ ավելի երկար ծանր ու թեթեւ կանի կարեւոր հանդիպումների վայրը որոշելիս։ Չնայած «ԵՎՐՈ-2020»-ի եզրափակիչ փուլի մի քանի հանդիպում է նախատեսված Բաքվում։

Առանց երկրպագուներով լի «Օլիմպիական» ստադիոնում հանդես եկող «Չելսին» ընդամենը մի քանի րոպեում «Արսենալին» կարողացավ ծնկի բերել։ Ամեն ինչ տեղի ունեցավ հանդիպման 2-րդ խաղակեսում։ Մի քանի րոպեների ընթացում «Արսենալն» այնպիսի առավելություն տվեց Եվրոպա լիգայի եզրափակիչի մրցակին, որ չկարողացավ հետ բերել ոչինչ:

Թիմերը նոր էին վերսկսել հանդիպումը 2-րդ խաղակեսում, երբ «Չելսիի» կազմում աչքի ընկավ եւ խաղի հաշիվը բացեց «Արսենալի» նախկին հարձակվող Օլիվյե Ժիրուն։ Աշխարհի չեմպիոնը ոչ մեծ ուրախությամբ տոնեց հաջողությունը:

Հանդիպման 60-րդ րոպեին «արիստոկրատների» առավելությունը կրկնապատկեց մյուս աշխարհի չեմպիոնը՝ իսպանացի Պեդրոն: Չէր հասցրել «Արսենալի» պաշտպանությունն ուշքի գալ, երբ կարճ ժամանակ անց Օլիվյե Ժիրուն 11-մետրանոց վաստակեց իր թիմի համար: Սեփական տուգանային հրապարակում անզգույշ խաղաց երիտասարդ Էնսլի Մեթլենդ-Նայլսը: Նշակետին մոտեցավ, շատ վստահ հարված կատարեց Էդեն Ազարը՝ հանդիպման հաշիվը դարձնելով՝ 3-0:

Այս հաշվի ժամանակ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին որոշեց փոփոխություն անել։ Արցունք աչքերին խաղադաշտը լքեց «զինագործների» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան։ Դաշտ դուրս եկած Ալեքս Իվոբին հաշված վայրկյաններ անց կարողացավ «թրջել» հանդիպման հաշիվը։ Ընդամենը 15 րոպեում «արիստոկրատների» ստացած 3 գնդակի առավելություն կրճատվեց՝ 3-1: 

Ալեքս Իվոբիի գեղեցիկ հարվածից տպավորված՝ «զինագործները» փորձեցին առաջ շարժվել ու մի փոքր ավելի ակտիվ գործել։ Ինչպես առաջին խաղակեսում, այնպես էլ այդ րոպեներին առավել ակտիվ էին հենց «զինագործները»:
«Արսենալի» ակտիվությունը կարճ կյանք ունեցավ. հանդիպման 72-րդ րոպեին Էդեն Ազարը դուբլի հեղինակ դարձավ՝ հիանալիորեն ճեղքելով մրցակցի պաշտպանությունը եւ հօդս ցնցեցնելով այն չնչին հույսը, որ կար «Արսենալի» ֆուտբոլիստների եւ երկրպագուների շրջանում. հաղթողի հարցը վճռված էր, չնայած հանդիպման ավարտին ավելի քան 18 րոպե կար։

Մնացյալ ժամանակահատվածում դարպասի գրավում այլեւս չարձանագրվեց. 4-1 խոշոր հաշվով հաղթանակ տոնեց Մաուրիսիո Սարրիի թիմը՝ պատմության մեջ երկրորդ անգամ նվաճելով եվրոպական ֆուտբոլի՝ հեղինակության առումով երկրորդ ակումբային մրցաշարի հաղթողի կոչումը։ Առաջին անգամ «Չելսիին» հաջողվել էր հաղթել այս մրցաշարում 2013 թ.-ին։

Լոնդոնի «Արսենալը», որն անվտանգության նկատառումներից ելնելով էր Բաքվի եզրափակիչին մեկնել առանց Հենրիխ Մխիթարյանի, զիջեց տիտղոս նվաճելու ու հաջորդ մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի «Չեմպիոնների լիգա» մրցաշարում հանդես գալու վերջին հնարավորությունը։ Ի դեպ, «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին, որին հաջողվել է «Սեւիլյան» գլխավորելու տարիներին 3 անգամ անընդմեջ հաղթել «Եվրոպա լիգայում», առաջին անգամ պարտվեց այս մրցաշարի եզրափակիչում։