Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ ՀԲԸՄ-ից
Տեղադրվել է 04-06-2019
«ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ»
Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կանցկացվի «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» միջազգային մրցույթը:

Նախորդ տարի 48 տաղանդավոր փոքրիկ ու երիտասարդ երաժիշտներ 2 օր շարունակ մասնակցեցին ՀԲԸՄ Եվրոպայի, ՀԲԸՄ Հայաստանի և «Երաժիշտները երաժիշտների համար» կազմակերպության համատեղ մրցույթին՝ լարային գործիքների 4 տարիքային խմբերում: 

Միջազգային ժյուրին տպավորված էր Հայաստանի երիտասարդ տաղանդներով. նախատեսված 4-ի փոխարեն նրանց տրամադրվեց 25 դրամական պարգև, ինչպես նաև 15 երաժշտական գործիք՝ մեկ տարի ժամկետով: 

«Երաժիշտները երաժիշտների համար» կազմակերպության նախագահ, հանրաճանաչ թավջութակահար Սևակ Ավանեսյանը փաստում է՝ «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» մրցույթի նախաձեռնողներն այս պահին պատրաստվում են իրադարձությանը և նպատակ ունեն այն դարձնել ամենամյա: Ավանեսյանի խոսքով՝ այս տարի մրցույթի արդյունքներով հաղթողներին կտրամադրվեն որակապես էլ ավելի լավ գործիքներ:  



11-ամյա թավջութակահար Ալեքս Գրիգորյանը, ով սովորում է Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում,  նախորդ տարվա մրցույթի մրցանակակիրներից է, արժանացել է Գրան Պրի մրցանակի: 

«Ծնողներս երաժիշտ են, մայրիկս առաջարկեց, որ թավջութակ նվագել սովորեմ: Լսեցի մի ստեղծագործություն, որը կատարվում էր թավջութակով, այն ինձ շատ դուր եկավ: Նախկինում նվագում էի շատ անորակ չինական գործիքով, իսկ այս մրցույթի շնորհիվ ինձ տրամադրվեց հրաշալի գործիք»,- նշում է Ալեքս Գրիգորյանը: Նա, ի դեպ, 2019-ին դարձել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի առաջին կարգի դափնեկիր, ինչպես նաև «Արտ Մյուզիք-2019» արվեստի միջազգային 10-րդ մրցույթ-փառատոնում նվաճել է Գրան Պրի:



Ալեքս Գրիգորյանի մայրիկը՝ Լուսինե Աշիկյանը փաստում է` երեխան սկսել է մեծ սիրով պարապել նոր գործիքով: «Ալեքսը շատ ավելի մեծ ոգևորությամբ սկսեց աշխատել, երբ գտավ թավջութակի իրական հնչողությունը: Նա միշտ նվագել է վատ գործիքներով, ու երբեք չի հասկացել թավջութակի ձայնի իրական գեղեցկությունը: Վայելելով նվագում է»,-նշում է թավջութակահարի մայրիկը՝ շեշտելով, որ նոր գործիքով Ալեքս Գրիգորյանը հանդես է գալիս մեծ բեմերում: Թավջութակահարի մայրիկը հույս ունի, որ տղայի սերը երաժշտության նկատմամբ էլ ավելի է խորանալու: