Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-06-2019
Մեկնարկեց «Մէկ կադր» 17-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը
Հունիսի 5-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում կայացավ «Մէկ կադր» 17-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի բացման արարողությունը:
Փառատոնն անցկացվելու է հունիսի 5-11-ը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում,  այս տարի ստացել է 752 ֆիլմի հայտ, ընտրվել է 97 բազմաժանր, բազմաբովանդակ կինոնկար: 

«Այս տարի փորձում ենք համագործակցել տեղի և միջազգային տարբեր կազմակերպությունների, կառույցների հետ, մեզ առաջին անգամ աջակցել է ՀՀ մշակույթի  նախարարությունը: Դա մեծ լիցք փոխանցեց  բոլորիս»,- նշեց փառատոնի հիմնադիր նախագահ Գագիկ Ղազարէն:

Նշենք, որ կինոփառատոնն ունի չորս անվանակարգ`  «Մէկ կադր մէկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի», «Զրո բյուջե»:

Ըստ «Մէկ կադր մէկ րոպե» անվանակարգի ժյուրիի նախագահ, դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանի՝ֆիլմերի հայտերի աննախադեպ քանակը փաստում է, որ փառատոնը նոր կյանք է առնում. «Մեկ րոպեն խտացված կինոյի նշանակություն ունի, և ես ավելի հակված եմ այն համարել մերկ կինո: Մեկ րոպեում կարողանում ես տեսնել, թե ինչի հետ գործ ունես` ստեղծագործության, պատահական պատկերի, թե նոր խոսքի»:

 Հավելենք, որ «Մէկ կադր» 17-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնին ֆիլմեր են ներկայացվել ԱՄՆ-ից, Բելառուսից, Բելգիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Դանիայից, Էստոնիայից, Իսպանիայից, Իսրայելից, Շվեդիայից, Ռուսաստանից, Սիրիայից և այլ երկրներից:

Պատկերասրահ՝ «Մէկ կադր» 17-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի մեկնարկը