Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 07-06-2019
Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթը մեկնարկեց
Արդեն 15 տարի շարունակ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին Երևանում մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան երաժշտական մրցույթը: Այն այս տարի անցկացվում է դաշնակահարների համար, մասնակցում է երեսուն երաժիշտ՝ տասներկու երկրից:

Բացման հանդիսավոր արարողությունը  կայացավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան «Խաչատրյան տրիոն» և դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Ավելի վաղ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա-Տեր Հովակիմյանը փաստեց, որ Խաչատրյանի անվան մրցույթն ունի իր ուրույն տեղն աշխարհում և պատվով է ներկայացնում մեր երկիրը. «Այս տարի նշում ենք մրցույթի 15-ամյակը: Մրցույթի դափնեկիրները, միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը և մեր անդամակցությունը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային փաստում են, որ Խաչատրյանի անվան մրցույթն ունի իր ուրույն տեղը միջազգային մրցույթների ընտանիքում»,- ասաց նա:

Ըստ մրցույթի ժյուրիի նախագահ, դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանի՝ ժյուրիի կազմում ընդգրկված են դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Վոսկրեսենսկին, Բելառուսի ժողովրդական արտիստ Իգոր Օլովնիկովը, Իսրայելի հայտնի դաշնակահար  Թոմեր Լևը, Չինաստանի դաշնակահարների միության նախագահ Վեյ Ճանը, մեծահամբավ դիրիժոր Իլյա Ստուպելը, դաշնակահար, պրոֆեսոր Սերգեյ Էդելմանը. «Հաղթողներին ընտրելիս առաջնորդվելու ենք արդարության ու անաչառության սկզբունքով»,-ասաց նա:

Նշենք, որ մրցույթը կանցկացվի մինչև հունիսի 14-ը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, մրցույթը կանցկացվի երեք փուլով: Հունիսի 7-10-ը Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում կանցկացվեն առաջին և երկրորդ փուլերը, իսկ երրորդ փուլը տեղի կունենա հունիսի 12-ին և 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկի նվագակցությամբ: Հունիսի 14-ին հայտնի կդառնան հաղթողների անունները:

Հավելենք նաև, որ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի շրջանակում անցկացվում է նաև լուսանկարչական մրցույթ: Մասնակիցները պետք է հունիսի 6-11-ը ներկայացնեն իրենց լուսանկարները՝ Խաչատրյանի անվան 15-րդ հոբելյանական միջազգային մրցույթի թեմատիկայով: Լավագույն լուսանկարները կցուցադրվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահի ցուցասրահում, հաղթողները կստանան վկայականներ:

Պատկերասրահ՝ Մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթը