Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 10-06-2019
Տարազների ցուցադրություն` Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի և ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու տունը, որը վերածվել է տուն-թանգարանի, շատերի համար սիրելի վայր է դարձել: Վայր, որտեղ կարելի է զգալ հայկականի և ազգայինի շունչը, վայր, որտեղ կարելի է գտնել ներդաշնակություն:

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում, որտեղ նաև գործում է փոքրիկ սրճարան, հաճախ են կազմակերպվում միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվում է վերջինիս աշխատաննքները: 

Հունիսի 8-ն այդ օրերից մեկն էր: Ներկաներին ներկայացվեց Լուսիկ Ագուլեցու տարազների հավաքածուն, որը նրա ստեղծագործական գործունեության կարևոր մասն է կազմում: Հավաքածուն բազմիցս ներկայացվել է տարբեր երկրներում` Իտալիայում, Գերմանիայում, Չինաստանում և այլուր: 

Լուսիկ Ագուլեցին միակն էր, ով կրում էր տարազ և դրանով նա ձևավորեց մշակույթ` հայ իրականության մեջ:

Կազմակերպիչները մեծ ոգևորությամբ են նշում, որ տուն-թանգարանն ինչ բացվել է, այցելուների հոսքը չի դադարում, ավելին՝ այցելում են տարբեր տարիքի ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են Լուսիկ Ագուցելու արվեստով և առհասարակ ազգային մշակույթով: 

Ազգային տարազների ցուցադրության համար ընտրվել են մոդելներ, որոնք ունեն բնական գեղեցկություն, որպեսզի համահունչ լինի տարազին: 

Ցուցադրության հիմնական նպատակն այն է, որպեսզի մարդիկ ծանոթանան այն հավաքածուին, որը ստեղծել է Լուսիկ Ագուլեցին, որն առավել պատկերավոր արտահայտում է ազգային արժեքներն ու մշակույթը: 

Նշենք նաև, որ տուն-թանգարանում վերջերս կայացել էր նաև Լուսիկ Ագուլեցու «Հոգևորի ճանապարհով» գրքի շնորհանդեսը։ 

Պատկերասրահ՝ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանը