Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-06-2019
Կայացավ թաեքվոնդոյի բաց առաջնությունը
Հունիսի 9-ին Երևանում կայացավ Հայաստանի Prof ITF թաեքվոնդոյի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցեց 4-ից 36 տարեկան 162 մարզիկ-մարզուհի։

Մրցաշարն անցկացվեց 2 տարիքային խմբով՝ մինչև 18 տարեկան մարզիկներ (ընդհանուր 7 տարիքային խումբ) և 18-ից 36 տարեկաններ։ Առաջնության պատվավոր հյուրերն էին Արցախի հերոս Հայկ Սեխլիյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը և Արաբկիրի սպորտդպրոցի տնօրեն Էդվարդ Երանոսյանը։

Առաջնությանը խաղարկվեց մոտ 130 մեդալ, այդ թվում պարգևատրումների արժանացան 4-ից 6 տարեկան մարզիկները։ Ֆեդերացիան նման որոշում էր կայացրել երեխաներին շահագրգռելու համար, որպեսզի ավելի մեծ եռանդով մարզվեն և մրցաշարերի մասնակցեն։ «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ Գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի հովանավորությամբ մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և նվերներով:

Թիլերի մրցապայքարում իրենց լավագույնս են դրսևորել և ոսկե մեդալներ են նվաճել Դավիթ Քոչարյանը (6-7 տարիքային խումբ, դեղին-կանաչ գոտի), Աննա Ավագյանը (15-17 տարիքային խումբ, սև գոտի 1-ին դան), Գոռ Երոյանը (12-14 տարիքային խումբ, կարմիր-սև գոտի)։

Մրցաշարի ընթացքում տեղի ունեցան նաև պրոֆեսիոնալ մենամարտեր՝ միջազգային վարկանիշ ունեցող, միջազգային մրցաշարերի հաղթողների մասնակցությամբ։ Պրոֆեսիոնալ մենամարտերն անց են կացվել գործարար Էդգար Ավետիսյանի հովանավորությամբ։ Պրոֆեսիոնալ մենամարտերում հաղթող են դարձել մինչև 45 կգ քաշային Վլադիմիր Խաչատրյանը՝ 12-14 տարիքային խմբում և մինչև 75 կգ քաշային Կարեն Ներսեսյանը՝ 16-17 տարիքային խմբում։

Հայաստանի Prof ITF թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գևորգյանի խոսքով մրցաշարը հաջողված էր․ «Մեծ աճ ենք գրանցել թե՛ փոքրերի, թե՛ մեծերի շրջանում։ Առաջնության արդյունքներով որոշելու ենք Ղրղզստանում կայանալիք Ասիայի առաջնություն և հուլիսին Իռլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնություն մեկնող կազմը։ Առաջնություններին կմասնակցեն 12 տարեկանից բարձր մարզիկներ։ 

Բացի այդ Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին ITF թաեքվոնդոյի պրոֆեսիոնալ մենամարտեր։ Արտերկում մեծ տարածում ունեն դրանք, բայց Հայաստնում առաջին անգամ անցկացվեցին։ Մենք ունենք շատ որակյալ մարզիկներ, ովքեր կարող են միջազգային հարթակներում իրենց ուժերը փորձել։ Այսօրվա մենամարտերի ընթացքում Կարեն Ներսիսիյանը և Վլադիմիր Խաչատրյանը լավ արդյունքներ գրանցեցին։ Հենց իրենց էլ կընտրենք, որ Հայաստանը ներկայացնեն միջազգային մրցումներին»։ 

Արսեն Գևորգյանը կոչ արեց նաև իր գլխավորած ֆեդերացիան չշփոթել այլ ֆեդերացիաների հետ, որոնք չունեն միջազգային ճանաչում․ «Մենք ներկայացնում ենք Հայաստանի Prof ITF թաեքվոնդոյի ֆեդերացիան, որն անդամակցում է ITF-ին (International Taekwon-Do Federation, Թաեքվոնդոյի միջազգային ֆեդերացիա), որը հիմնադրված է Չոյ Հոնգ Հիի կողմից, և այժմ ղեկավարվում է նրա որդու՝ Չոյ Ջունգ Հուայի կողմից։ Հայտարարում եմ, որ մենք կապ չունենք նմանատիպ անվանումներ ունեցող մյուս ֆեդերացիաների հետ, քանի որ մարդկանց մոտ թյուր ըմբռնում կա։ Մենք համագործակցում ենք միայն Հայաստանի HQ ITF թաեքվոնդոյի ֆեդերացիայի հետ, որը Լևոն Ավագյանն է ներկայացնում և Հայաստանի WTF թաեքվոնդոյի ֆեդերացիան ներկայացնող Սամսոն Գրիգորյանի հետ։ Մյուս ֆեդերացիաների հետ մենք որևէ կապ չունենք»։