Նյութը՝ ԿՈՆԻՖԱ-ի
Լուսանկարները՝ ԿՈՆԻՖԱ-ի
Տեղադրվել է 15-06-2019
Հարավային Օսիան՝ չեմպիոն, Արցախը՝ տոնական
Հունիսի 9-ին կայացավ CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղը, որտեղ չեմպիոնի տիտղոսի համար պայքարում էին Արեւմտյան Հայաստանը եւ Հարավային Օսիան։

Խաղի ամբողջ ընթացքը լարված էր, գոլային պահերն էլ շատ, սակայն գրանցվեց միայն 1 գոլ։ Ավելացված ժամանակի վերջին րոպեին Արեւմտյան Հայաստանի թիմը 11 մետրանոցի միջոցով հնարավորություն ուներ հավասարեցնելու հաշիվը, սակայն Աղվան Դավոյանի փորձն անհաջող էր։ Խաղն ավարտվեց 1-0 հաշվով, եւ Հարավային Օսիայի հավաքականը դարձավ CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Տոնական տրամադրությունը շարունակվեց փակման հանդիսավոր արարողությամբ. չեմպիոնն ու փոխչեմպիոնը ստացան մեդալներն ու գավաթները։ Երեկոն ավարտվեց մեքենաների երթով ու պարային երաժշտության ռիթմերի ներքո։ Ավելի ուշ CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեն եւ CONIFA-ի ղեկավարությունը հանդես եկան մամուլի ասուլիսով։ 

«CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն արդեն պատմություն է, եւ մենք դա նշում ենք եւ՛ ուրախությամբ, եւ՛ ափսոսանքով։ Այն տոնը, որ այս օրերին նշվում էր Արցախում, համոզված եմ, որ բոլորի մոտ վառ տպավորություններ է թողել»,-իր խոսքում ասաց CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ, Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Վառ տպավորություններից ու մնայուն հիշողություններից խոսեց նաեւ ԿՈՆԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոպը եւ համոզմունք հայտվեց, որ Արցախը կարող է ընդունել նաեւ ԿՈՆԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը։ «Առաջնությունը կազմակերպված էր ամենաբարձր մակարդակով։ Տպավորված եմ այն ամենով, ինչ այս օրերին տեսա Արցախում, մարդկանց, նրանց ոգեւորությունը, պրոֆեսիոնալիզմը։

Կարծում եմ, Արցախը սահմանել է մի նշաձող, որի արդյունքում այստեղ կարող են անցկացվել նաեւ ԿՈՆԻՖԱ-ի աշխարհի առաջնության խաղերը»,-նշեց նա։ 

Խոսքով հանդես եկան նաեւ այս առաջնությունում ԿՈՆԻՖԱ-ի գլխավոր հովանավոր Sportsbet.io-ի ներկայացուցիչները։ «Որպես գլխավոր հովանավոր՝ սա մեր առաջին փորձառությունն էր, եւ մենք շատ ուրախ ենք, որ այն սկսվեց ԿՈՆԻՖԱ-ի հետ՝ Արցախում։ Այստեղ գտնվելու առաջին իսկ պահից մենք զգացինք ջերմություն ու նվիրում, վայելեցինք գեղեցիկ մշակութային ծրագիր եւ իհարկե ականտես եղանք հուզումնառատ ֆուտբոլային խաղերի»,- ասաց Sportsbet.io ընկերության հասարակայնության հետ կապերի եւ հովանավորչական ծրագրերի ղեկավար Լուսի Թոմասը։

Կարեւորելով ձեռքբերումները՝ CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի փոխնախագահ, Արցախի Հանրապետության Կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը շեշտադրեց. «ԿՈՆԻՖԱ 2019֊ը յուրօրինակ մարտահրավեր էր մեզ համար, որը, կարծում եմ, պատվով ընդունեցինք։ Այս միջոցառումն իր շուրջն է համախմբել հազարավոր մարդկանց։ Չեմպիոնի գավաթը նվաճեց Հարավային Օսեթիայի թիմը, իսկ բարեկամության գավաթը ստացան բոլոր թիմերը»։ 

Բոլոր մասնակիցները նշում էին, որ ֆուտբոլն Արցախին տոն էր պարգեւել։ Իսկ ԿՈՆԻՖԱ-ի ներկայացուցիչներն արդեն պատրաստվում են հաջորդ ֆուտբոլային տոնին՝ 2020 թվականին Սոմալիում կազմակերպվելիք աշխարհի առաջնությանը։