Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-06-2019
Էներգախնայողության փառատոն` Վանաձորում
Վանաձորի «Հայք» հրապարակը հունիսի 15-ին մարդաշատ էր: Ուրախ երգ ու պար, տոնական տրամադրություն, իսկ առիթը Հայաստանում առաջին անգամ անցկացվող էներգաարդյունավետության փառատոնն էր: «Միասին պայծառ Է» խորագիրը կրող փառատոնը Ռուսաստանոմ արդեն ավանդույթ է դարձել, 2018 թ.-ից անցկացվում է նաև ԵԱՏՄ երկրներում:
Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեին տարբեր տաղավարներում ծանոթանալ նորագույն լուծումներով էներգիայի արտադրմանը, լուսավորության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին, փոխանցել փորձ ու ստանալ գիտելիքներ: 
 
Նշենք, որ Հայաստանում միջոցառումն իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի աջակցությամբ։
 
«Այս փառատոնի միջոցով մեր երկիրը նպատակ ունի հանրությանը ներկայացնել էներգախնայող տեխնոլոգիաների, էլեկտրաէներգիայի արտադրության նոր լուծումներ՝ միաժամանակ զարգացնելով ստեղծագործական միտքը հատկապես դպրոցականների և երիտասարդների շրջանում,-մեզ հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Գոհար Մկրտչյանը և հավելեց անցկացվելու են նաև խաղեր, մրցույթներ, վարպետության դասեր, որոնք ավելի մատչելի ձևով կներկայացնեն, թե ինչ է իրենից ներկայացնումէներգաարդյունավետությունը»:
 
«Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանն էլ փաստեց, որ վերջին տարիներին Էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը մեր երկրում մեծ զարգացում է ապրում. «Այս միջոցառումը կօգնի վանաձորցիներին, որպեսզի ծանոթանան վերականգնվող էներգետիկայի ոլորտին, տեխնոլոգիաներին, հասկանան, թե ինչպես կարելի է այն օգտագործել կենցաղում»,-ասաց նա:

Նշենք, որ փառատոնի շրջանակում անցկացվեցին նաև տարբեր գիտափորձեր, մրցույթներ, ինչպես նաև համերգային ծրագիր «Lav Eli» և «Clocker» խմբերի մասնակցությամբ:

Պատկերասրահ՝ «Միասին պայծառ Է» խորագրով էներգաարդյունավետության փառատոն Վանաձորում