Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 19-06-2019
«Մեր կարիերայի ընթացքում ամենաջերմ համերգներից մեկն ունեցել ենք Հայաստանում». Զոլթան Ռաչ
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հունիսի 19-ին «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը ելույթ կունենա Հայաստանում:


Խումբը Հայաստանում երկրորդ անգամ է: Առաջին համերգը կայացել է 12 տարի առաջ՝ կրկին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում:



«Մեր կարիերայի ընթացքում ամենաջերմ համերգներից մեկն ունեցել ենք Հայաստանում: Հանդես ենք եկել 4 մայրցամաքների 36 երկրներում, և եթե ինձ հարցնեն՝ ուր եք գնացել, ինչ եք արել, առաջին երկրներից մեկը Հայաստանը կնշեմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց խմբի ղեկավար Զոլթան Ռաչը:



Նշենք, որ 20-րդ դարի ամենախոշոր կոմպոզիտորներ Ջոն Քեյջը, Սթիվ Ռայխը տարիներ շարունակ ստեղծագործել են «Ամադինդա»-ի համար: 35-ամյա խումբը համարվում է աշխարհի ամենայուրօրինակ  և բազմադեմ հարվածային անսամբլներից մեկը: Խումբը ելույթ է ունեցել Ասիայի, Ավստրալիայի, Ամերիկայի, Մեքսիկայի Եվրոպայի այնպիսի հանրահայտ համերգասրահներում, ինչպիսիք են Բեռլինի Ֆիլհարմոնիան, Վիեննայի , Ստոկհոլմի համերգասրահները, Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահը և Քուինս Հոլը, Մեցի Արսենալը, Թայպեյի ազգային, Հոնգ Կոնգի քաղաքային համերգասրահները, Սիդնեյի Յուջին Գուսսենս համերգասրահը, Դալասի Մեյերսոն սիմֆոնիկ կենտրոնը և Նյու Յորքի Քարնեգի համերգասրահը:



Տարիների ընթացքում «Ամադինդան» արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների։ ​​​​



Պատկերասրահ՝ «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը ելույթ ունեցավ Հայաստանում