Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 19-06-2019
Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրվեց 18+ ներկայացում
Մերկություն և համբույր. առաջին անգամ Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրվեց 18+ ներկայացում:
Պետեր Տուրրինիի «Առնետաորս» պիեսը բեմադրելու գաղափարը Վահան Միրաքյանինն է, բեմադրիչը Նարեկ Մանուչարյանն է:

Ներկայացման ամբողջ գործողությունը կատարվում է աղբանոցում, թափոնների մեջ: Կեղտ, փոշի, հարբեցողություն, կրակոց, առնետներ…, իսկ պիեսի հիմնական իմաստն է՝ եկեք փորձենք սիրել մեր մեջ ապրող առնետին, որպեսզի գարեջրի բաժակի մեջ մեր արտացոլմանը համակրանքով նայենք:  Ներկայացման դերակատարներն էին Վահան Միրաքյանը և Ցողիկ Մարտիրոսյանը:

Նարեկ Մանուչարյանի խոսքով՝ «Առնետաորս»-ը բավական համարձակ աշխատանք է.

«Գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի թույլտվությամբ սկսեցինք աշխատանքները։ Էքսպերիմենտ է, քանի որ թատրոնի պատմության մեջ սա առաջին 18+ ներկայացումն է: Իմ կարծիքով՝ շատ հետաքրքիր աշխատանք է ստացվել,-նշեց  Նարեկ Մանուչարյանը և հավելեց,-իմ առջև խնդիր չեմ դրել դերասանի կամ դերասանուհու մերկությամբ հետաքրքրություն առաջացնել ներկայացման նկատմամբ։ Գործն ինքնին հետաքրքիր է, իսկ մերկությունը կամ համբույրը՝ արդարացված»:

Հավելենք, որ «Առնետաորս»-ը Նարեկ Մանուչարյանի առաջին բեմադրությունն է:

Պատկերասրահ՝ «Առնետաորս» 18+ ներկայացման պրեմիերան