Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արևիկ Ծերունյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 23-06-2019
Արևիկ Ծերունյան. «Հավատն ու աշխատասիրությունը կարևոր են հաջողության հասնելու համար»
Eritasard.am-ի «Հաջողության գրավականը» շարքում շարունակում ենք բացահայտել տաղանդավոր երիտասարդների, որոնք երիտասարդ տարիքում արդեն մի շարք հաջողություններ են գրանցել: Այս անգամ խորագրի հյուրը` Արևիկ Ծերունյանն է: Իսկ թե որ ոլորտներում է գործունեություն ծավալում մեր հյուրը, կպատմի ինքը` Արևիկը:

Մասնագիտության ընտրություն…

2004թ. էր, երբ դպրոցը պետք է ավարտեի, աղջիկների շրջանում շատ էին տարածված հումանիտար մասնագիտությունները: Լեզուների հանդեպ մշտապես սեր եմ ունեցել, ուստի որոշում կայացրի ընտրել լեզվաբանի մասնագիտությունը: Ընդունվեցի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան: 

Մշտապես մտածել եմ, որ լեզուներ իմանալը կարևոր է թե' աշխատանք գտնելու, թե' հաղորդակցվելու, թե' ընդհանուր զարգացվածության համար: Սակայն, եթե անկեղծ, ապա հենց առաջին կուրսում հասկացա, որ սխալվել եմ, ավելի ճիշտ` շտապել եմ մասնագիտության ընտրության հարցում: Բայց չեմ կարող նաև հերքել, որ դրական կողմեր էլ կան: Ամեն դեպքում լեզուների իմացության հարցում առավել շատ ինքնակրթությամ եմ զբաղվել: 

Երկրորդ մասնագիտության կտրուկ փոփոխություն…

Մոտ ընկերներիցս մեկը, ով դիզայներ էր, սովորում էր Գեղարվեստի պետական ակադեմիայում: Մշտապես հետաքրքրվել եմ նաև այդ ոլորտով, հետևել վերջինիս գործունեությանը: Ի վերջո հասկացա, որ ցանկանում եմ կրթությունս շարունակել Գեղարվեստի պետական ակադեմիայում: Երբ արդեն 4-րդ կուրսում էի սովորում, որոշեցի անհատական դասընթացներ վերցնել, պարապել` ընդունվելու համար: Ընդ որում` ընդունվեցի միանգամից մագիստրատուրա: Ինչ խոսք` դժվար էր, քանի որ չունեի բազային կրթություն: Բայց կարողացա լրացնել բացը` աշխատասիրությանս շնորհիվ: 
 


Ֆրանսիայում ուսանելու հնարավորություն...

Մագիստրատուրայի շրջանակներում հնարավորություն ունեցա փոխանակման ծրագրով Ֆրանսիայում սովորելու: 1 տարի սովորեցի Մարսելի Գեղարվեստի դպրոցում: Երբ վերադարձա, հասկացա, որ շատ բան է փոխվել. ես ինքս նույնը չէի: Բնականաբար, այն, ինչ ուսուցանվում էր Մարսելում, տարբերվում է Հայաստանից` բոլոր առումներով: Սա ևս խթան հանդիսացով, որ շարունակեմ առավել խորացնել գիտելիքներս, սակայն եվրոպական երկրներում: Տարբեր ծրագրերի դիմեցի, ընդունվեցի Գենտի համալսարան, սակայն, ցավոք սրտի, ինձ երկու անգամ շենգենյան վիզայի հարցում մերժեցին: Իհարկե հուսահատություն կար, բայց կար նաև հույս, որ գուցե այլ ծրագրերով դիմեմ և ստացվի: Ընդունվեցի Բոստոնի Թաֆթսի համալսարան (School of the Museum of Fine Arts at Tufts): Համալսարանում ուսանելը բավականին թանկ էր, սակայն այդ հարցում ինձ օգնեց մեր հայրենակիցը` Հարութ Փամբուկյանը, ով Արիզոնայի համասարաններից մեկում էր դասավանդում: Ընդ որում` նա հայ շատ ուսանողների է աջակցել: 
 


Բոստոնի հայկական թանգարանում աշխատանքային գործունեություն…

Ավարտելուց հետո սկսեցի աշխատել և առ այսօր աշխատում եմ Բոստոնի հայկական թանգարանում: Որոշ ժամանակ նաև դասախոսական աշխատանքով եմ զբաղվել: Դասավանդում էի առաջին կուրսեցիներին: Անկեղծ ասած` երբևէ չէի կարող ինձ պատկերացնել դասախոսի կարգավիճակում, սակայն հասկացա, որ բավականին լավ է ստացվում: Դա թերևս ինձ համար կարևոր փորձ էր, ինչու չէ՝ նոր բան սովորելու, գիտելիքներն ու փորձս համալրելու տեսանկյունից: 



Երեխաների հետ աշխատանք, Բոստոնում հայկական թանգարանի ներքո դպրոցի հիմնում…

Վիզայի ժամկետի ավարտման հետ կապված կրկին իրավիճակը փոխվեց: Հայաստանում պետք է մոտ 9 ամիս սպասեի, և, բնականաբար, կարիքներս հոգալու համար պետք է աշխատեի: Սկսեցի աշխատել «Դանիելյան» արվեստի կենտրոնում: Տարբեր տարիքի երեխաների հետ էի աշխատում: Հասկացա, որ երեխաների հետ աշխատելն ինձ մեծ բավականություն է պատճառում: Վերադառնալով Բոստոն, ձեռնամուխ եղա հանդես գալ` Բոստոնի հայկական թանգարանի ներքո դպրոց բացելու առաջարկով: Ի վերջո, դպրոցը բացվեց, կազմվեց ծրագիր: Արդեն 2 տարի է, ինչ դպրոցը գործում է: 



Յուրահատուկ ձեռագիր, գունային նախընտրություն…

Այս պահին իմ արվեստի անբաժան մասն իհարկե գծանկարներն են կազմում: Նախկինում զբաղվել եմ նաև գեղանկարչությամբ, սակայն այժմ փորձս կիսում եմ երեխաների հետ:  Ձեռագրիս ձևավորման հարցում մեծ դեր է կատարել Թաֆսթի համալսարանը: Ուսանելու տարիներին, կարելի է ասել, հեղաշրջվեցի, ծանոթացա ժամանակակից արվեստի հետ, որի մասին գրեթե տեղյակ չէի: Իմ աշխատանքները հայ հասարակության համար մի փոքր ստանդարտից դուրս է: Ես ինքս ընկղմվեցի փորձարարական արվեստի մեջ` մտքիս, պատկերացումներիս տալով լիարժեք ազատություն: 

Աշխատանքներիս գունային ընտրությունը կախված է թեմայից, սակայն աշխատանքներումս գերակշռողը ծովի, երկնքի գունային երանգնեն են: Գուցե դա նաև պայմանավորված է նրանով, որ սիրում եմ այդ գույները:



Հաջողության գրավականը…


Հավատն իմ գործունեության, արածիս նկատմամբ: Առհասարակ դա կարևոր է ցանկացած ոլորտում: Չպետք է անգամ մեկ վայրկյան կասկածել, որ հնարավոր է հասնել հաջողության: Կասկածները պետք է հնարավորինս հեռու վանել, քանի որ դրանք մեզ շատ են խանգարում, շեղում: Եվ իհարկե, հաջողության հասնելու գրավականը թերևս աշխատասիրությունն է: