Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-06-2019
Մեկնարկել է «Թվապատում» տարեկան մեդիա կոնֆերանսը
Այսօր Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում» տարեկան մեդիա կոնֆերանսը:
Քննարկման առանցքում են՝ ինչպե՞ս է սոցիալական մեդիան կարծիք ձևավորում, ի՞նչ ազդեցություն ունի օգտատերերի վրա, ինչո՞ւ է ստեղծում բանակներ ու համախոհների ճամբարներ, որն է մարդու թվանշային ԴՆԹ-ն՝ նոր ինքնությունը, հնարավորություններն ու սովորույթները, որոնք հատուկ են թվային աշխարհում և հատկապես Հայաստանում ապրող մարդուն թեմաները:



Վեցերորդ «Թվապատում» կոնֆերանսը փորձարկելու է լսարանի վրա ազդեցություն թողնելու հայտնի և գաղտնի գործիքներ՝ ավանդական մեդիայից մինչև սոցիալական ցանցեր։ Ինչպե՞ս դառնալ թվային հեղինակություն համայնքում, երկրում և աշխարհում։ Եվ որ կարևորն է՝ որտե՞ղ օգտագործել այդ հեղինակությունը։

Կոնֆերանսի կարգախոսն է՝ «Ոգեշնչել, ներգրավել, միավորել»։ 



Տասից ավելի միջազգային ու տեղացի բանախոսները կներկայացնեն տարբեր ձևաչափերում և հարթակներում իրենց փորձն ու հաջողության բանաձևը։ 
 
Ոգեշնչել
 
Ի՞նչն է ոգեշնչում ժամանակակից լսարանին։ Ինչպե՞ս ազդել մեդիայի միջոցով։ Ինչպե՞ս է այսօրվա հասարակությունում ձևավորվում թվային անհատը։ 


 
Ներգրավել
 
Առաջնորդե՞լ լսարանին, թե՞ հետևել նրան։ Ինչպե՞ս ներգրավել օգտատերերին, դարձնել նրանց գործընկեր, համախոհ կամ համահեղինակ։ 


 
Միավորել 
 
Ինչպե՞ս համատեղել ավանդական փորձառությունն ու նոր մոտեցումները՝ ավելի որակյալ մեդիա արտադրանքի ակնկալիքով։

Նշենք, որ կոնֆերանսը կտևի 2 օր: